Ես քո ցերեկով անցած ճանփեքը գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում: Այս մասին, հայրենադարձների հետ հանդիպումից հետո ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով Civic.am-ի լրագրողին։
Նա նշեց, որ ԵՊՀ պրոռեկտորի հետ կապված դեպքում ինքը միայն փոխանցել է տեղեկատվությունը և նշել, որ սա չստուգված տեղեկություն է. «Ես ասել եմ՝ վաղն էլ գալում եմ ստուգեմ տեղեկությունը: Մարդուն ոչ հայհոյել եմ, ոչ վիրավորել: Գնացել եմ, մարդը հերքել է, ես դրանից հետո չեմ շարունակել: Ես ասել եմ՝ եթե որևէ կերպով դուք վիրավորվել եք, ես ամոթ չեմ զգում ներողություն խնդրելու»,-ասաց նա:
Անդրադառնալով իր մյուս հայտարարությանը, թե Ալիևը Շուշի է մեկնում մեքենայում միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, որը պարզվեց կեղծ է, Սրբազանն ասաց. «Եղել է տեսանյութ, հետո պարզվել է՝ կեղծ է, այդ պատճառով ես ընդունել եմ, որ դա սխալ է եղել»:
Հարցին՝ ո՞վ է ձեզ նման սխալ բաներ զեկուցում և տրամադրում, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Ես կարող էի հետդ չխոսել, որովհետև դուք ստախոսության խողովակ եք։ Այն, ինչ դուք գրում եք, դրա համար դեռ պետք է շատ պատասխան տաք: Մեր երկրում անպատասխանատու խոսք չպետք է լինի:
Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն է եղել: Այդտեղ ոչ մի հանցանք չկա, չէ: Երանի բոլորն այդպես վարվեին, բայց «Noldu Pashinyan» երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է, չի՞ ծաղրում Փաշինյանին՝ ծաղրում է, Ալիևը չի ասե՞լ հարբեցող ծաղրածու՝ ասել է: Չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի՝ ասել է։ Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի՝ ամբողջ ժողովրդի պատկերն է: Ցանկալի կլիներ, որ ինձ վարկաբեկելու, վիրավորելու փոխարեն թե խորհրդարանից, թե տարբեր լրատվամիջոցներից հայացքներդ այն կողմ ուղղեիք»,- նշել է Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը