Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյաանը գրել է․
«ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր «կարմիրբերետավորների» խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո մեկ ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում:
Ու՞...
Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը մեկ ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը և այլն:
Մարդու նկատմամբ հանցանք կատարող բոլոր ոստիկանների արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր:
Ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել մեկ ոստիկանի «զոհ տալով»` խուսափել քրեական հետապնդումից ու մյուսների քրեական պատասխանատվությունից: Դրա համար էլ կայծակնային արագությամբ որոշում է կայացվել. ուրիշ դեպքերում ամիսներ է տևում:
Սա կոնկրետ հանցագործության քաղաքական հովանավորություն է, որն ավելի սանձարձակ է դարձնում «կարմիրբերետավորներին», «դամոկլյան սրի» ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից. այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:
Այսօրվա դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը