13 05 2019

Մտքով էդքա՜ն կուրացել ենք, որ Հայաստան ու Ղարաբաղ ենք բաժանու՞մ․ գնահատական

Մտքով էդքա՜ն կուրացել ենք, որ Հայաստան ու Ղարաբաղ ենք բաժանու՞մ․ գնահատական

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մենք մեր հաղթանակի ու մեր մի բուռ մնացած երկրի ձեռքը կրա՞կն ենք ընկել: Մեր աչքերը, մեր ականջներն ու մեր սրտերը արդեն էդքան կու՞յր են, էդքան գո՞ց են, էդքան քարացա՞ծ են` չտեսնելու, չլսելու ու չզգալու միմյանց, որպես արյունակիցներ: Մեր հիշողությունը էդքան մաշվել ու աղճատվել է, որ որոշ անասնատեսակների նման էլ չե՞նք ճանաչում «մեր»-ը, էլ չե՞նք զանազանում «մենք»-ն ու «նրանք»-ը, էլ չե՞նք տարբերում սահմանի էս ու էն կողմերը: Էդ ո՞ր նպատակի, էդ ո՞ր վե՜հ առաքելության համար ենք մեր երկու սենյականոց տան ներսում ատելության ու բաժանումի նոր սահմաններ գծում ու գծում, գծու՜մ ու գծու՜մ: Մենք էդքա՜ն կտրվել ենք Աստծուց, էդքա՜ն չարացել ենք: Վե՞րջը:

Մտքով էդքա՜ն կուրացել ենք, որ Հայաստան ու Ղարաբաղ ենք բաժանու՞մ, լրատվության էջերում ու սոցիալական ցանցերում ճիշտ ու սխալի դատաստաններ ենք անու՞մ: Լա՜վ, էդքան կուրացել ենք, բա մեր ինքնապահպանման բնազդն ի՞նչ եղավ: Դա էր, չէ՞ մեր վերջին «խելքը»:

Կեսն անզորությունից անտարբեր դարձել ու մի կողմ է քաշվել, էն կեսն էլ, իրար կոկորդ կրծելու պատրաստ խմբերի բաժանված, միտքը կորցրած ու նպատակը մոռացած, իր ծնողներին սպանած երեկվա կրակոցի ձայնը դեռ ականջներում` գրոհել է լրատվությունը, զենք-զրահը կապել, սեփական տան մեջ ճիշտ ու սխալ է հաշվում, թույլի ու ուժեղի մուսկուլատես է անում, մի տուփ սիգարետ է ծխում`գտնելու էն ամենախոցող բառը, որով կվիրավորի իր արյունակցին, անգամ բնազդից զրկված անասունի նման չհասկանալով, որ եղբոր հետ կռիվն է՜ն գլխից է սխալ: Ի՞նչ հաղթանակ, ի՞նչ պարտություն, ի՞նչ ճիշտ ու սխալ, երբ անախորժությունը տանդ մեջ է, երկու սենյականոց փոքրիկ տանդ մեջ:

Մենք մեր հաղթանակի, մեր արժանապատվության ձեռքը էսքան շուտ կրակն ընկա՞նք: Մենք էլ ճար չունենք` ուզում ենք աշխարհին ապացուցել, որ մենք, եթե անգամ հաղթում ենք, ապա էդ հաղթանակին տեր կանգնելը մերը չէ՞: Սա՞ է մեր ուզածը:

Կանգնեցնել է պետք էս անպատիվ ու կործանարար ընթացքը... Եթե դեռ կարող ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ