12 05 2019

Համահայկական աջակցության գործընթաց է սկսվում

Համահայկական աջակցության գործընթաց է սկսվում

Ստեփանակերտում գումարված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի հռչակագիրը:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին,

հարգելով Արցախի ժողովրդի՝ սեփական իշխանությունները ձևավորելու անօտարելի իրավունքը,

հաստատելով հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին, սկզբունքներին եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին,

կարեւորելով միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության՝ միջազգային խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի փոխկապակցվածությունն ու անքակտելիությունը,

հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ նրա ճանաչված չլինելու հանգամանքը էապես սահմանափակում են Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների լիարժեք իրացումը,

համոզված լինելով, որ՝

– Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է,

– Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը համազգային առաջնահերթություն է,

– հակամարտության չկարգավորված վիճակը ոչ մի կերպ չի կարող կաշկանդել այդ տարածքներում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները,

նկատի ունենալով՝

– 1994 թ. մայիսի 12-ից հրադադար հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրով և հրադադարի անժամկետ ռեժիմը ամրագրող հետագա եռակողմ համաձայնագրերով ձեռք բերված պարտավորություններն ամրապնդելու անհրաժեշտությունը,

– 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման առաջնահերթությունը,

– Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը և անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը,

– 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի վերահսկման վերաբերյալ «Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև» օրակարգի և այդ շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների խափանումը, Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված նորմերից փաստացի հրաժարումը, ինչպես նաև պատերազմը վերսկսելու նրա շարունակական սպառնալիքները,

– բանակցային գործընթացի լիարժեքության և արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը,

– բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման և անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը,

– Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և մեկուսացման քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը,

– մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության և բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ մինչև հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը.

«Հայասան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, ի պաշտպանություն այս դաշինքի պատշաճ իրավական ամրագրման,

– նախաձեռնում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց,

– ձևավորում է այդ աշխատանքները կազմակերպող մարմին և

– կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների բացը լրացնելու և համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ