11 05 2019

Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել Արցախյան հերոսամարտը․ կարծիք

Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել Արցախյան հերոսամարտը․ կարծիք

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձևով կպցնելով «կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների» վիրավորական և իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:

Իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ արդեն կարելի է նշմարել Արցախյան հերոսամարտի նկատմամբ քամահրական վերաբերմունքի կոնկրետ դրսևորումներ, որոնք սկսվեցին հայտնի «հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը» արտահայտությամբ, որին հաջորդեց Արցախի պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի պարտադրված հրաժարականները,, Արցախ – Հայաստան արհեստական բաժանումները և վերջապես «Արցախում հեղափոխություն սկսելու» երեկվա սպառնալիքը:

Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են` իրենց կյանքի և առողջության գնով:

Ուզում եմ որ բոլորի, այդ թվում նաև նախկին, ներկա և ապագա բոլոր իշխանությունների, համար հստակ ու հաստատված լինի երկու կարևորագույն հանգամանք.

1. Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել և կայացել է Արցախյան հիմնահարցի և հերոսամարտի արդյունքում և որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,

2. Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ և հերոս հրամանատարների Արցախին և Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:

Ենթադրյալ իրավախախտումների և յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը և մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:

Հ.Գ. «Սերմացու գողացող մկներից» մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ