11 05 2019

Անթույլատրելի և տխուր է, որ Արցախի նախագահը դիմի ՀՀ նախագահին և մերժում ստանա. Արամ Սարգսյան

Անթույլատրելի և տխուր է, որ Արցախի նախագահը դիմի ՀՀ նախագահին և մերժում ստանա. Արամ Սարգսյան

Aravot.am-ը գրում է.

«Մարդկային առումով, այս հանգամանքը համարում եմ շատ նորմալ. այդ մարդիկ միասին աշխատել են, միասին որոշակի ճանապարհ են անցել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն`անդրադառնալով Արցախի նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի`կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված նամակին:

«Եթե խնդիր կա խափանման միջոցի մասով եւ հնարավորություն կար դիմելու ու իրենք չդիմեին`դա շատ ավելի վատ կլիներ»,- կարծում է Արամ Սարգսյանը`հավելելով, որ այո, օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց ընկերությունն ու միասին անցած ճանապարհն էլ մարդկային լավագույն հատկանիշներ են, իսկ մարդկանց նաեւ դրանցով են գնահատում: Այս առումով, մեր զրուցակիցը միանգամայն բնական է համարում, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Առհասարակ, առաջարկում է գործընթացներին նայել անմեղության կանխավարկածի տեսանկյունից`ցանկացած դեպքում`սկսած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածից, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, առաջարկելով, որ պետական պաշտոնյաները ձեռնպահ մնան տարբեր գործերով կարծիքներ հայտնելուց`դա թողնելով դատական իշխանությանը:

«Բայց ես նաեւ շատ կուզենայի, որ եթե Արցախի նախագահներն ինչ-որ հարցով դիմում են Արցախի իշխանություններին, նախապես ճշտեն`այդ դիմումը կհարգվի՞, թե`ոչ: Ինձ համար անթույլատրելի եւ տխուր է, որ Արցախի նախագահը դիմի Հայաստանի նախագահին եւ մերժում ստանա: Շատ վատ է: Արցախը Հայաստանն է. ՀՀ դատախազն էլ հայ է, Արցախի եւ Հայաստանի ղեկավարներն էլ հայ են, իրենք հեռախոսներ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը`նկատելով, որ աշխարհաքաղաքական իրողություններում միմյանց հակադարձումները ոչ մի լավ տեղ չեն տանում, մանավանդ եռատոնի օրերին հրաձգություններն Արամ Սարգսյանի սիրտը չեն ուրախացնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ