Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսում անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով ՀՀ գլխավոր դատախազին դիմելուն՝ նշելով, որ գործն ուղարկվել է դատարան, և այդ հարցն արդեն գլխավոր դատախազի տիրույթում չէ։
Վարչապետը նշեց, որ մարդկային առումով հասկանում է, բայց այնուամենայնիվ, հարցեր ծագում են, օրինակ՝ բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ միջնորդության մեջ նրա համար չեն խնդրել, եթե սկզբունքը Արցախի հերոս լինելն է։
Անդրադառնալով հարցին, թե Արցախի հերոսներին չի կարելի կալանքի տակ պահել, վարչապետն ասաց․ «Կարո՞ղ է էնպես ստացվի, որ և՛ Արկադի Ղուկասյանի, և՛ Բակո Սահակյանի իշխանության տարիներին որևէ Արցախի հերոս երկար տարիներ կալանքի տակ պահված լինի, հնարավո՞ր է։ Պետք է հասկանանք չափանիշը․ եթե մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքը ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքը, չափազանց սխալվում են։ Եթե չեմ սխալվում, դե յուրե Քոչարյանին մեզսագրվող արարքը շատ ավելի ծանր է։ Պետք է հասկանալ՝ սկզբունքը որն է։ Եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ որևէ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը