07 05 2019

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում. Politik.am

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Նոր իշխանություններին հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ չեն վստահում Արցախի հարցում և կարծում են, որ Փաշինյանի իշխանությունը կարող է գնալ քայլերի, որոնք վնաս կարող են բերել ազգային-պետական շահերին։

Ընդդիմախոսներին Փաշինյանի իշխանությունը լռեցնելու ճանապարհ է գտել՝ ցանկացած քննադատություն անվանում է նախկին իշխանությունների պատվերով արված և խուսափում բարձրացվող հարցերին հրապարակային և սպառիչ պատասխանելուց։ 

Փաշինյանի ընդդիմախոսները իրականում հիմքեր ունեն կասկածելու և կարծելու, որ իշխանությունները կարող են գնալ ազգային-պետական շահերին հակասող ճանապարհով: Վարչապետ Փաշինյանի թիմում կան բազմաթիվ գործիչներ, որոնք ամենատարբեր ժամանկներում Արցախի խնդրի մասով ոչ միանշանակ հայտարարություններ են արել: Նրանք դա ներկայացրել են որպես համոզմունք, իսկ հիմա իշխանության են եկել ու կարող են ինչ-որ ժամանակ փորձել կյանքի կոչել իրենց գաղափարները։ Համենայն դեպս նման հայտարարություններ անողները հրապարակային չեն հրաժարվել իրենց գաղափարներից և չեն անվանել դրանք սխալ։

Այս մասով վառ օրինակ է Փաշինյանի կառավարության «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը 2015 թվականին, երբ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն էր,  իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հաղորդման ժամանակ խոսել է Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների մասին։ Հաղորդման ժամանակ նա, հանդես գալով որպես ՔՊ կուսակցության վարչության նախագահ, հայտարարում է, որ Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների մասով համաձայն է «Հելսինկյան ասոցիացիայի» կարծիքի հետ։ Իսկ «Հելսինկյան ասոցացիան» բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում (հայտարարություններից մեկի հղումը)։

Հիմա, երբ Արայիկ Հարությունյանը բարձր պետական պաշտոն է զբաղեցնում, կառավարության անդամ է և իշխող քաղաքական թիմի ազդեցիկ անդամներից մեկը, նորից նու՞յն կարծիքին է։ Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների մասով Արայիկ Հարությունյանը վերջին անգամ խոսել է 2015թ.-ին։ Դրանից հետո հրապարակավ երբեք չի հրաժարվել իր հայտարարություններից, ինչը նշանակում է, որ իր կարծիքը չի փոխվել։

Այս դեպքում քաղաքացիները, քաղաքական գործիչները միանշանակ իրավունք ունեն չվստահելու գործող իշխանություններին։ Նրանք նախկինում արել են հայտարարություններ, որոնք հակասում են մեր շահերին, ու պարզ է, որ կասկածներ պետք է լինեն ու միշտ լինելու են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ