ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերքեց կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ իրենց մասին կեղծ լուրեր են տարածվում, և իրենց կապ չունեն ահաբեկչության հետ։
ԼՀԿ-ն առաջարկում էր երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, որ ժամանակին հրապարակվում էին, հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ գաղտնի դարձավ, փոփոխել՝ հետ բերելով նախկին տեսքին՝ դրանք կրկին հրապարակային դարձնելով։
Մարուքյանը հիշեցրեց, որ այս նախագծին նախկինում «Ելքի» պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արտակ Զեյնալյանը կողմ են եղել, փոփոխությանն էլ դեմ են քվեարկել:
«Անճանաչելի եք դարձել, պարո՛ն վարչապետ, պարո՛ն արդարադատության նախարար, թե՞ մտածում եք, որ կարող եք նիստում նման սուտ բաներ խոսել: Հազար բան եք խոստացել, արեք, ո՞ւր է անցումային արդարադատությունը, աշխատեք, եկել եք, ասում եք՝ խորհրդարանը պիտի անի, այ քեզ գան, ո՞վ պիտի անի, ձեր մեծամասնությո՞ւնը, թող անի, աշխատեք, ուղղակի աշխատեք: Ուրիշ բանուգործ չունե՞ք, հեգնում եք «Լուսավոր Հայաստանին», հարկատուներից գումար եք ստանում, որ մեր մասին սուտ խոսե՞ք:
Քանի որ մեր մասին այս սուտը տարածվել է, պարո՛ն վարչապետ, դուք անձամբ հետևեք, որ այս րոպեները գնան Հանրային ՀԸ լուրերով, որ Ձեր տեղեկատվությանը հակակշիռ լինի: Եթե չգնաց, ֆիքսում ենք, որ պետական ռեսուրսներն օգտագործում եք մեր մասին սուտ լուրեր տարածելու համար»,-հայտարարեց Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը «Գնումների մասին» ՀՀ օրենքը փոխելու վերաբերյալ Դրանով առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դեմ էր նախագծին՝ նշելով, որ այն կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը:
«Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց, ով է ամենալավը կրակում և ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը