02 05 2019

«Սաղմում խեղդեք այս անհեթեթ առաջարկությունը». Արմեն Աշոտյան

«Սաղմում խեղդեք այս անհեթեթ առաջարկությունը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ՝ «չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ»:

Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին:

Եթե այս հայտարարությունը ինքնագործունեություն է և պարզապես անձնական կարծիք, ապա արագ սաստեք պատասխանատու պաշտոն զբաղեցնող ձեր պատգամավորին և սաղմում խեղդեք այս անհեթեթ և լավ չհաշվարկված առաջարկությունը:

Եթե այս հայտարարությունը պետական քաղաքականության մաս է, ապա ակնկալում եմ լրացուցիչ ու հստակ պարզաբանումներ առ այն.

1. Ի՞նչ է նշանակում զինադադարի մասին նոր փաստաթուղթ՝ այլ ձևաչափով: Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարը եռակողմ է. Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը:

2. Զինադադարի ռեժիմի պահպանման և արդյունավետ վերահսկման համար ինչո՞ւ են պաշտոնական Երևանի զինանոնից անհետացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների պարտադիր կատարման մասին պահանջները:

3. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթուղթը, եթե նորի մասին որևէ հստակություն դեռ չկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ