«ՄԻԵԴ-ի որոշումը լուրջ նշանակություն ունի այն գործընթացներում, որը տեղի է ունենում Հայաստանում, նկատի ունեմ մարտի 1-ի նոր դրվագի մասով: Տարիներ շարունակ Տեր-Պետրոսյանը, թիմակիցները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը ասում էին, որ Տեր-Պետրոսյանը զրկված է եղել մարտի 1-ին ցուցարարներին միանալու հնարավորությունից և ահա այս վճռով հստակ տեսնում ենք, որ բացարձակ նման բան չի եղել և Տեր-Պետրոսյանը ազատ է եղել իր տեղաշարժերի մեջ, և ըստ էության, նա կարող էր գալ և զսպել բախումները»,- «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Սողոմոնյանի խոսքով, ՄԻԵԴ-ի որոշմամբ բացահայտվեց Մարտի 1-ի ողբերգության շղթան. «Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանը հրահրեց բախումներ և պախկվեց տանը: Սա ակնհայտ է, այստեղ այլ կարծիք լինել չի կարող և այս որոշոմը հաստատեց սա: Ինչո՞ւ այդ քայլին գնաց Տեր-Պետրոսյանը: Թերթերից մեկը մի նյութ հրապարակեց որտեղ պատմեց, թե ինչպես երբ Տեր-Պետրոսյանն իմացավ ոստիկանությունը գալիս է հրապարակ առավոտ 6:00-ին կանչեց ազատմարտիկներին, ովքեր կային Ազատության հրապարակում այդ պահին և ասաց՝ տղերք խնդրում եմ մի 20 րոպե ծեծ կերեք: Սա ընդհանրական բերեց նրան՝ Տեր-Պետրոսյանը չուզենալով կիսել պարտված ընդդիմադիրների ճակատագիրը, որոնք ժամանակին մարդկային կյանքերը վեր դասեցին իրենց քաղաքական կարիերայից՝ չգնացին բախումների: Նա ըստ էության հասկացավ, որ իր քաղաքական ազդեցությունը կավարտվի և միտումնավոր զոհերի գնաց»:
Հարցին՝ ինչո՞ւ թիրախում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, Սողոմոնյանը պատասխանել է․ «Պատճառներն այստեղ բազմաթիվ են: Նախ նույնիսկ բանտում լինելու պարագայում տեսնում ենք միջազգային ինչ հեղինակություն ունի նախագահ Քոչարյանը, դա ՀՀ սեփականությունն է, դա մեր ժողովրդի ձեռքբերումներից մեկն է, որ մենք ունենք քաղաքական առաջնորդ, որ նման հեղինակություն ունի: Պարզ էր, որ եթե նախագահ Քոչարյանն ընդդիմադիր գործունեություն ծավալի, ապա հիմնական օպոնենտ իշխանությանը նա է լինելու: Ամենակարևոր բանը, որ կա քաղաքական-հասարակական կյանքում, մարդու ձեռքբերումն է, որոնք կարող են մի պահ մոռացվել, բայց դրանց մասին հիշեցնելը դժվար չէ: Բայց շատերը հիշողության վերաթարմացում են ունեցել և դա կապված է մեր օրերում ընթացող տնտեսական քաղաքականության հետ, եթե այդպիսին կա։ Դա կապված է ներդրումների, արտաքին քաղաքականության, Արցախյան հարցի և բազմաթիվ հարցերի հետ: Մարդիկ հիշում են այդ տարիները ամենալավ հուշերով»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը