Yerevan.Today-ում կատարված խուզարկությունից անցելէ յոթ ամիս, բայց Քննչական կոմիտեն դեռ չի ստացել փորձաքննության արդյունքները: Մեզ հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանն ասաց, որ առգրավված տեխնիկայի ողջ ինֆորմացիան իրենց կրիչներում է և ուղարկվել է փորձաքննության: Այս հարցի շուրջ զրուցեցինք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն Շուշան Դոյդոյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյո՞ք սա չի կարող խնդիրներ առաջացնել տեղեկատվության պաշտպանության տեսանկյունից:
«Իրականում երկու մտահոգություն եմ տեսնում այս դեպքի հետ կապված: Եվ այդ հարցը առկախ է մնում: Այդ համակարգիչներում կարող է լինել տեղեկատվություն ձեր լրատվամիջոցի գաղտնի աղբյուրների մասին։ Փաստացի, երբ նրանք առգրավել են համակարգիչներում առկա ամբողջ տեղեկատվությունը, դրանով լուրջ վտանգի են ենթարկել Ձեր լրատվամիջոցի վստահությունը: Ձեր աղբյուրենրի հետ հարաբերություններում վաղը հնարավոր է խնդիր ունենաք այլ գաղտնի աղբյուրներ ձեռք բերելու հարցում, որովհետև ձեզ հնարավոր է՝ չվստահեն՝ մտածելով, որ միևնույն է՝ այդտեղ համակարգիչները պաշտպանված չեն:
Տեղեկատվությունը, որը ստանալիս ամեն իրեն հարգող լրագրող և լրատվամիջոց խոստանում է, որի չի բացահայտի աղբյուրը, անկախ ձեր կամքից, փաստացի խախտվել է այդ խոստումը՝ վտանգելով աղբյուրենրի հետ ձեր հարաբերությունները և վստահելիությունը:
Երկրորդ խնդիրը իրավապահ մարմնի գործողությունների համաչափությունն է: Արդյո՞ք իրենք սպառել են բոլոր մնացած միջոցները և հնարավոր չի եղել այդ տեղեկատվությունը ձեռք բերել, ուստի դիմել նման ծայրահեղ քայլի, որն է՝ լրատվամիջոցի տարածք մտնելը առգրավելը համակարգիչները և այսքան ժամանակ իրենց մոտ պահելը: Այնպես որ, քանի որ դա ծայրահեղ միջամտություն է, պետք է լինի խիստ արդարացված և այդ արդարացվածությունը պետք է իմանաք և՛ դուք, և՛ հանրությունը: Պետք է լինի այդ հիմնավորվածությունը հրապարակավ հայտարարված, որը գոնե ես, որպես ոլորտի մասնագետ, ծանոթ չեմ։ Չգիտեմ՝ ձեզ տվե՞լ են այդ հիմնավորվածությունը, որ որևէ այլ միջոց չեն ունեցել, բոլոր մնացած միջոցները սպառել են:
Այս համաչափության հարցերը մնում են օդից կախված: Բացի այդ, պետք էր միայն իրենց անհրաժեշտ ինֆորմացիան վերցներին, ոչ թե ամբողջը և դրա միջից ընտրեին-հասկանային՝ որն է իրենց պետք, որը՝ չէ:
Ես չեմ կարող քննչական մարմնի գործունեությունը գնահատել քրեկան դատավարության օրենսգրքի կանոնների համապատասխան: Ես լրատվամիջոցի իրավունքի տեսանկյունից եմ տեսնում երկու խախատման վարկած՝ մեկը լրագրողական աղբյուրների գաղտնիության իրավունքի խախատումը՝ և՛ ՄԻԵԴ կոնվենցիայով պաշտպանված, և՛ ԶԼՄ-ների մասին օրենքով պաշտպանված։ Մյուսը՝ գործողությունների համաչափության հարց։ Որովհետև տեղի է ունեցել արտահայտվելու ազատության միջամտություն։ Որքանո՞վ է դա համաչափ, այսինք՝ այն նպատակը, որ իրենք իրենց առջև դրել են, արդյո՞ք արդարացնում է նման միջմատությունը, թե՝ ոչ։ Դրա հիմնավորվածությունը ես չեմ տեսնում»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը