24 04 2019

Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Россия 1-ի ուղիղ եթերում

Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Россия 1-ի ուղիղ եթերում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել  ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում:

Վարչապետն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է: 

«Դուք գիտեք, որ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը տեղի է ունեցել 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրությունում: Մեզ համար սա շատ կարևոր օր է, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օր է ողջ մարդկության համար: Եվ մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որովհետև մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր գործընթաց է ապագայում բոլոր հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար: Ես կցանկանայի ընդգծել, որ դեռևս 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մենք, իհարկե, շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի այդ դիրքորոշումը»,- նշեց Փաշինյանը:

Ուղիղ եթերում ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև  Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին՝ նշելով, որ կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը:

«Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը, բարեկամությունն ու եղբայրությունը, ինչին այլընտրանք ուղղակի չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ