Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ապրիլի 23-ին ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Երեբունի» օդանավակայանում ռուսական բազայի վերազինման վերաբերյալ լուրին՝ նշելով, որ ավիաբազայի զարգացման ծրագրեր կան, սակայն ինքն իրազեկված չէ ամբողջական վերազինման մասին և պատրաստ չէ այս թեմայով խոսելուն։
«Կան զարգացման որոշակի նախագծեր, բայց ինչ վերաբերում է ամբողջական վերազինմանը եւ նոր տեխնիկայով հագեցմանը, ինձ նման ծրագրերի մասին հայտնի չէ»,- ասաց Կոպիրկինը:
Հայաստանում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների գնահատականի մասին հարցին ի պատասխան՝ ՌԴ դեսպանը նշեց ․ «Ռուսաստանի ղեկավարությունը միանշանակ գնահատականներ է տալիս երկու երկրների հարաբերություններին։ Մեր հարաբերություններն ամուր հիմք ունեն և միտված են ապագային, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ու մեր պետությունների ղեկավարությունները լիարժեք գիտակցում են՝ եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին»։
ասաց նա։ՌԴ դեսպանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթում սպասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան, որտեղ նա կմասնակցի ԵԱՏՄ միջխորհրդարանական նիստին։
Սերգեյ Կոպիրկինը նաև անդրադարձավ նրան, որ խորհրդարանում հարց է բարձրացվել այն մասին, որ կան ՀՀ–ում գործող ռուսական որոշ հեռուստաընկերություններ հակահայկական հռետորաբանություն ունեն և որոնք անհրաժեշտ է փակել։ Դեսպանը նշեց, որ չի հետևում ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չի կարծում, թե դրանք հակահայ հռետորաբանություն ունեն։
«Ընդհանուր առմամբ, ռուսական հեռուստաալիքներում հայաստանյան թեմայի լուսաբանումը ոչ մի կերպ չի կարելի հակահայկական անվանել»,- նշեց՝ ի հավելումն ընդգծելով, որ հայերի նկատմամբ ռուս ժողովրդի վերաբերմունքն ավանդաբար շատ դրական է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը