Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային՝ նշելով, որ Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի և Երեւանի միջև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա, չնայած որ նախկինում շատ պայմանավորվածություններ մնացել են թղթի վրա։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Ապրիլի 15-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, մթնոլորտը զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ և՛ Բաքուն, և՛ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան։ Մենք կօգնենք»,- ասել է Լավրովը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հայտարարությանն առ այն, որ քննարկումները եղել են Ռուսաստանի կողմից 2016-ին արված առաջարկների շուրջ, Լավրովը նշել է, որ դրանք դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների շրջանակից, դրանք ենթադրում են հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունների որոնում` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: ՌԴ ԱԳՆ-ի խոսքով՝ այդ ամենն արտացոլված է համանախագահների բազմաթիվ հայտարարություններում, իսկ մանրամասները գաղտնի են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը