«Երեկ Ազգային ժողովը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրել Գոռ Հովհաննիսյանին։ Արդյունքը շատ կանխատեսելի էր, քանի որ բոլորին է հայտնի, որ Փաշինյանն ուզում է այդ պաշտոնին տեսնել լևոնական Վահե Գրիգորյանին: Վերջինիս համար նույնիսկ ԱԺ կանոնակարգ փոխեցին, որպեսզի երկրորդ անգամ հնարավոր լինի այդ պաշտոնում կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին: Պարզ էր, որ եթե նույնիսկ Գոռ Հովհաննիսյանը դառնար «Իմ քայլը» դաշինքի անդամ, դա նրան չեր փրկի, քանի որ կար վստահության հարց: Իսկ Վահե Գրիգորյանը վստահելի լևոնական է և, ուրեմն, նաև վստահելի փաշինյանական:
Սակայն այստեղ կա մի փոքրիկ նյուանս: Վահե Գրիգորյանը, ում թեկնածությունը պետք է կրկին առաջադրի ՀՀ նախագահը, Արմեն Սարգսյանին... լեգիտիմ չի համարում: Այսինքն, Փաշինյանն ուզում է, որ Արմեն Սարգսյանը ՍԴ-ի անդամի պաշտոնում կրկին առաջադրի մի մարդու, ով իրեն՝ ՀՀ նախագահին, լեգիտիմ չի համարում: Սա, իհարկե, աննախադեպ լկտի պահանջ է և ունի երկու կողմ: Նախ, ինքնին, Փաշինյանի այս պահանջը ցույց է տալիս նրա համառությունը ոչ միայն իր մարդուն անցկացնելու համար, այլև այդ ճանապարհին Սարգսյանին փչացնելու խնդրում: Միգուցե Փաշինյանն ուղղակիորեն չի ուզում փչացնել Արմեն Սարգսյանին, բայց այդպես կստացվի: Ինքնին, այդ մղումը ցույց է տալիս Փաշինյանի իրական էությունը: Նրա հետ կարելի է հարաբերվել բացառապես ուժի դիրքերից, քանի որ այլ միջոց նա, փաստացի, չի ընդունում: Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը բրուտալ գործիչների շարքին չի պատկանում և հենց դա է հաշվի առել Փաշինյանը: Սակայն, եթե Արմեն Սարգսյանը համաձայնի ինքնանվաստանալ, ապա նա կվերանա ոչ միայն որպես ՀՀ նախագահ, այլև որպես գործիչ, մարդ:
Այդ իմաստով ինտրիգային է դառնում այս պահը, թե ինչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը, որտեղ կարող են բացահայտվել ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական շատ հանգամանքներ:
Սա է իրականությունը»:
Դավիթ Մկրտչյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը