15 04 2019

Համատեղ հայտարարություն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ

Համատեղ հայտարարություն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում ասվում է, որ ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից  փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հաստատել են քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրելու մտադրությունը: Նշվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման հարցում շահագրգռությունը, մասնավորապես` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Կողմերը նաև պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ ձեռնարկել, որպեսզի  երկու երկրներում ձերբակալվածների հարազատները կարողանան այցելել նրանց: Նախարարները պատրաստակամություն են հայտնել պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ`  ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ հայտարարել են, որ հավատարիմ են իրենց միջնորդական առաքելությանը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռք բերմանը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ