08 04 2019

«Ժառանգություն»-ը դժգոհ է «հեղափոխության» ժամանակ խոստացածի կատարման ընթացքից

«Ժառանգություն»-ը դժգոհ է «հեղափոխության» ժամանակ խոստացածի կատարման ընթացքից

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձեւում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության եւ կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսեւորումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետեւողականությունը, որի հետեւանքով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ:

Կարծում ենք՝ հետհեղափոխական ամիսները ողջամիտ ժամանակահատված էին երկրում առկա խնդիրները քարտեզագրելու, համակարգելու եւ լուծման ռազմավարությունը մշակելու համար: Մտահոգված լինելով Հայաստանում կյանքի կոչված ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացման ընթացքով՝ «Ժառանգությունը» հայտարարում է՝ 

Ա) ՀՀ պետական կառավարման տարբեր մակարդակներում ընդունվում են որոշումներ, կատարվում են կադրային հեռացումներ ու նշանակումներ, որոնք արդեն կայուն պարբերականությամբ պատճառ են դառնում հանրային բողոքների ու բախումների, որոնց ազդեցությամբ այդ որոշումների ի կատար ածումը կա՛մ հետաձգվում է, կա՛մ դառնում անհնարին:

Բ) Առ այս պահը պարզ չէ,  թե ինչ կառուցվածք պետք է ունենա ՀՀ կառավարությունը, սակայն լուծարման ենթակա ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մշակույթ, սփյուռքի հետ հարաբերություններ, առկա են լրջագույն խնդիրներ: Դրանք վկայում են, որ իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկած կառավարության կազմի կրճատման կամ բարորակման ծրագիրը բավարար չափով մշակված չէ եւ չի համապատասխանում պետության առջեւ այս պահին ծառացած մարտահրավերներին:

Գ) Հռչակած տնտեսական հեղափոխությունն անընդմեջ բախվում է ներքին եւ արտաքին լրջագույն դիմադրության, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների եւ ներդրողների հետ վարվող քաղաքականությունը իրականացվում է հին վարչակարգի պատժիչ գործիքներով: Նոր Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո չեն հստակեցվում գործունեության նոր, փոխադարձ ընդունելի կանոններ բիզնեսի հավասարապես բոլոր ներկայացուցիչների համար, որոնք հնարավորություն կտան որոշակի սահմանագիծ անցկացնել ներկա եւ նախկին գործելակերպի միջեւ: Տարիների ընթացքում նախորդ հանցավոր վարչակազմի պարտադրանքով կուտակված հարկային եւ այլ պարտավորությունների մարման տնտեսապես ձեռնտու կանոնների եւ ժամանակացույցի մշակման փոխարեն գործում են պատժիչ ցուցադրական միջոցառումներ, որոնց արդյունավետությունն ակնհայտ կասկածահարույց է եւ առաջացնում է հասարակական անհամերաշխության տարբեր աստիճանի դրսեւորումներ:

 Դ) Ուշանում են հեղափոխության արդյունքում հայտարարված կարգախոսների կյանքի կոչման մեխանիզմները՝ ազատ, մենաշնորհներից  զերծ, անկախ Հայաստան, որտեղ  երաշխավորվում են երջանիկ անհատի, հոգատար հանրության եւ հզոր պետության կայացման նպատակները: Դրա պատճառը թաքնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության սկզբունքներում, որոնք երբեմն նմանվում են հին համակարգի արատավոր գործելաոճին: Պետական եւ անգամ հանրային գործունեության բոլոր հարթակներում առավելությունը տրվում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին, անձնական թիմին ու բարեկամներին՝ անկախ նրանց արհեստավարժության եւ փորձառության աստիճանից: Իսկ զարգացումները ցույց են տալիս, որ այդ նշանակումների արդյունքում իշխանություն ստացած, բայց դրան անպատրաստ անձինք բավական արագորեն հայտնվում են կոռուպցիոն պատմությունների եւ ԱԱԾ թիրախում:

Ե) Դատական համակարգում եւս գործունեության ու վստահության ճգնաժամ է, ամիսներ են անցել, հասարական ուշադրության առանցքում գտնվող եւ ոչ մի գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց անցումային արդարադատության մասին խոսակցությունները գործ չեն դառնում, ինչպես նաեւ անհրաժեշտ լյուստրացիայի պահանջները: Փոխարենը տեղեկատվական «պատերազմներ» են  բռնկվում, դաշտ է բացվում «ֆեյքերի բանակների» առջեւ, որոնք կեղծ օրակարգեր են ձեւավորում:

Արձանագրելով, որ նոր հայաստանյան իրողություններում ամենամեծ հակահեղափոխականը վարչապետի գլխավորած քաղաքական թիմի՝  երկրին հարվածող արտաքին ու ներքին օրակարգային խնդիրներին դիմագրավելուն անպատրաստ լինելն է՝ կոչ ենք անում Հայաստանի հեղափոխական իշխանությանը հրաժարվելու «սեւ ու սպիտակի» հակադրությունից, պետական համակարգը սեփական քաղաքական թիմի կայացմանը ծառայեցնելու անհեռանկար մոտեցումներից, անցյալից եկող խնդիրների թնջուկում առաջնահերթությունների կամայական ձեւավորումից, իսկ պետության ղեկավարին՝ «ասֆալտին փռելու», «ծնոտը ջարդելու», սեփական ցուցումներով քրեական հետապնդումներ նախաձեռնելու կամ դադարեցնելու արատավոր գործելակերպից եւ հրապարկային քաղաքական կոչերից: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ