Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս:
Համաշխարհային տնտեսական համաժողովին ներկա են լինելու տարբեր երկրների պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ, ովքեր կքննարկեն այն մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանը: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները կխոսեն էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կիբերանվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Հանրապետության նախագահը ելույթ կունենա «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Արմեն Սարգսյանը ֆորումի երկարամյա մասնակիցներից է և Կլաուս Շվաբի հետ վաղեմի բարեկամություն ունի:
Հորդանան կատարած այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարար շրջանակի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը