08 03 2024

Ալեն Սիմոնյանի համար լիտվացի գործընկերը ժամանակ չունի. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի համար լիտվացի գործընկերը ժամանակ չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վիլնյուս նախապես պլանավորված այցը չեղարկվել է. Լիտվայի ԱԺ նախագահը ժամանակ չունի Ալեն Սիմոնյանին ընդունելու: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ԱԺ կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը բավական մեծ շքախմբով մարտի 3-ից 6-ը պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, այնուհետեւ՝ 7-ից 8-ը, մեկնելու է Տալլին։ Պատվիրակության կազմում էին Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ մի խումբ աշխատակիցներ, սակայն ոչ մի ընդդիմադիր պատգամավոր:

Մարտի 3-ից անցել է արդեն 4 օր, սակայն ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը լռում է Վիլնյուսի պաշտոնական այցի լուրի մասին։ Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել Տալլինից, ինչը ուղիղ փաստում է, որ ԱԺ նախագահի պատվիրակությունը միանգամից մեկնել է Տալլին: Այն, որ Ալեն Սիմոնյանը Վիլնյուս չի մեկնել, վկայում է նաեւ նրա կողմից ստորագրված հաջորդ կարգադրությունը, որով ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները մարտի 5-ից 7-ը դրվում է Հակոբ Արշակյանի վրա։ Ավելի ուշ ԱԺ-ն հավելումներ է արել ԱԺ նախագահի գործուղման մասին համապատասխան կարգադրության մեջ՝ հավելվածի վերջում ավելացնելով, որ կարգադրության տեքստից հանում է Վիլնյուս բառը, բայց ծախսերի վերադարձի մասին ոչինչ չկար փաստաթղթերում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումների համար զանգահարեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակին, սակայն հեռախոսազանգին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անձամբ: ԱԺ նախագահը հաստատեց, որ Վիլնյուս այցը չի կայացել, հետաձգվել է:

«Երկկողմ համաձայնությամբ է այցը չեղարկվել: Իրենք ընտրությունների են պատրաստվում, նախընտրական թոհուբոհի օրերի հետ կապված՝ անհամաձայնություն կար, ես էլ վատառողջ էի, չէի կարող գնալ»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ եթե այցը հետաձգվել է, կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե որքան ժամանակ է այն հետաձգվել, երբ այն պետք է կայանա: «Ապրիլի 2-րդ կեսին համաձայնություն կա, երեւի 19-ի կողմերը, որ հետաձգված հանդիպումը տեղի կունենա. դեռ չենք հաստատել, քննարկում ենք սա»,-մանրամասնեց ԱԺ նախագահը:

Այսպիսով, արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի համար իր պաշտոնակիցը՝ Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենը, ժամանակ չունի: Հետաքրքիր է՝ ԱԺ նախագահի այցը կազմակերպողները չգիտեին արդյոք, որ Լիտվայում ընտրություններ են սպասվում այցի օրերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ