ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում մարտի 29-ին կայանալիք հանդիպումը։ Նրա կարծիքով՝ հանդիպումից պետք չէ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններում բեկումնային առաջընթաց սպասել, քանի որ կողմերի միջև կոնֆլիկտը չի թուլացել:
Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի քաղաքականությունն այժմ ավելի սադրիչ է դարձել, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, ըստ փորձագետի՝ դա ժամանակավոր բնույթ է կրում, և ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնի 2016 թվականի դեպքերը:
«Երևանի և Ստեփանակերտի միջև անորոշություն կա։ Եվ այն պայմանը, որ Ստեփանակերտին պետք է հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ, անիրականանալի է Բաքվի կոշտ դիրքորոշման պատճառով: Դա կարելի է նաև ընկալել որպես Ղարաբաղի պաշտպանության համար պատասխանատվության անցումը Ստեփանակերտին:
Սրան պետք է գումարել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում՝ բանակային համալիրի ստեղծումը, երկաթուղու կառուցումը, ազատ առևտրի գոտու ստեղծումը և հայտարարությունները, որ այդ կողմից կարող է փակվել երթևեկությունը դեպի Արցախի Հանրապետություն: Այսինքն՝ այս ամենն, ինչ տեղի է ունենում, ինձ հիմք չի տալիս խոսելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման մասին: Խոսել առաջընթացի մասին որոշակի կապի ստեղծման հիման վրա լուրջ չէ», - նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ Բաքուն ընդհանրապես չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղը բանակցային գործընթացին ներգրավելու հարցում:
«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին», - եզրափակել է քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը