Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անձի երկվության այս դիլեման ցավոք երկարաձգվում է
…..յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ և պայքարում միմյանց դեմ: Որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաև պայքարը, հետևաբար նաև դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը:
Մեր երկրի թիվ մեկ պաշտոնյայի ելույթներից, գործողություններից ակնհայտորեն երևում է, որ դեռևս շարունակվում է անողոք պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առայժմ ոչ ոքի է, և դատելով վերջին երկրարաշունչ ու ոչինչ չասող ասուլիսից, պարզ չէ, թե ու՞մ հաղթանակի շանսերն են ավելի մեծ՝ պատգամավորի թե՞ վարչապետի:
Եթե արդյունքում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հաղթանակ տանի պատգամավոր Փաշինյանը՝ ապա մեղմ ասած լավ չեն լինելու գործող կառավարության ու իշխող “Իմ քայլը” դաշինքի գործերը: Եթե ի վերջո վարչապետ Փաշինյանը կարողանա հաղթել պատգամավոր Փաշինյանին՝ ապա դրանից հնարավոր է, որ շահի նաև երկիրը:
Սարսափելին այն է, երբ պայքարն ավարտվի ոչ ոքի: Դա հղի է պետության առջև նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով՝ առանց իրական լուծումների: Արդյունքում տնտեսությունը կհայտնվի փոսում, սոցիալական խնդիրները՝ օդում կախված, Արցախյան հարցը՝ սրի ծայրին, ներքին ու արտաքին անվտանգությունը՝ Աստծո հույսին: Իսկ ժողովրդավարության, կամ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ են:
Փաշինյանը կարողացել է աղավաղել հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնքան, որ այն արդեն սկսել է իր դեմ աշխատել: Ընդդիմադիր Փաշինյանին ձեռնտու էր հասարակության մի հատվածին մյուսի դեմ լարելը, թշնամանք ու ատելություն սերմանելը: Իսկ վարչապետ Փաշինյանին հակառակը՝ կոնսոլիդացիա է անհրաժեշտ:
Հիմա նա լավ հասկանում է, որ եթե ամբողջովին դրսևորի իրեն որպես վարչապետ Փաշինյան, ապա շատ հարցերում տարբերվելու և հակասելու է պատգամավոր Փաշինյանին: Նման իրավիճակներում արդեն հայտնվել է, օրինակ՝ ԵԱՏՄ անդամության հարցում, կուտակային կենսաթոշակների հարցում, արագաչափերի հարցում, արտաքին քաղաքականության մեջ, վերջերս նաև Արցախյան հարցում, արտաքին վարկեր վերցնելու հարցերում և այդպես շարունակ:
Անձի երկվության այս դիլեման ցավոք երկարաձգվում, ու նոր սպառնալիքներ է ծնում: Այդ պրոբլեմները առայժմ հնարավոր է լինում ծխածածկույթով անտեսանելի դարձնել, մարդկանց մոտ հույսեր ու ակնկալիքներ ձևավորել, բայց դա երկար ձգել չի լինի: Մարդիկ մտածել գիտեն, վերլուծել գիտեն ու շատ լավ հասկանում են, թե ինչի համար են մեկ տարի առաջ դուրս եկել փողոց: Մեկ տարին շուտով կլրանա, իսկ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում դեռ ոչ մի ՝դրական փոփոխություն չի եղել:
Գործող վարչապետ և նախկին պատգամավոր Փաշինյանների միջև պայքարը որքան շուտ ավարտվի, այնքան պարզ կլինի, թե իրականում ի՞նչ ակնկալել իշխանություններից: Իսկ առայժմ միայն պրոբլեմներ ենք կուտակում: Ես հույս ունեմ, որ մի օր Նիկոլը կհայտարարի, որ պատգամավոր Փաշինյանը սխալ էր, վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենանք կլինի ճիշտ: Իսկ եթե պատգամավոր Փաշինյանը այնուամենայնիվ սխալ էր, ապա կհետևի, որ նախկին իշխանություններին մեղադրելու շատ քիչ բան է մնում՝ գուցե միայն հակակոռուպցիոն հարցերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը