19 03 2019

Ավելի քան 230 մարդ ժամանակից շուտ ազատ կարձակվի. Արտակ Զեյնալյան

Ավելի քան 230 մարդ ժամանակից շուտ ազատ կարձակվի. Արտակ Զեյնալյան

Վարչական համաներում է անցկացվել, որը կիրառվել է 108 916 քաղաքացիների նկատմամբ, իսկ վարույթում գնտվող կասեցված գործերի քանակը կազմել է 1 մլն 259 հազար 177: Այս մասին մարտի 19-ին Պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով կառավարության նախորդ ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Նրա խոսքով՝ անցկացվել է նաև քրեկան գործերով անցնող քաղաքացիների համաներում, ինչի արդյունքում մարտի 13-ի դրությամբ, ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 627 մարդ:

Նախարարը նշեց, որ Երևանի չորս բուժկենտրոններում հատուկ բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների և ձերբակալվածների սպասարկման համար։ Նրա խոսքով՝ նման բաժանմունքներ հետագայում կբացվեն ոչ միայն Երևանում, այլև Վանաձորի, Գյումրիի և Գորիսի որոշ բուժկենտրոններում։

«Հայաստանում իրականում սկսել է գործել պայմանագրային-ժամանակից շուտ ազատման ինստիտուտն այն անձանց համար, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ավելի քան 230 մարդ ժամանակից շուտ ազատ կարձակվի»,- պարզաբանել է Զեյնալյանը։

Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, քրեակատարողական համակարգի բարեփոխման համատեքստում կներդրվեն նաև բանտարկյալների աշխատանքը խթանող մեխանիզմներ, ինչը նույնպես շատ կարևոր է։ 

Նախարարը նաև նշեց, որ Օմբուդսմենի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվել է հարազատների կամ օրենքի ներկայացուցչի կողմից, առանց դրա համար անհարգելի պատճառի, բանտարկյալին այցելության արգելքը։

Բացի այդ, նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին առաջին անգամ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել հանրապետության քրեակատարողական համակարգի հիմնանորոգման համար։ «Այսպես, Հայաստանի կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է հատկացրել բանտարկյալների պահման «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Սևան» քրեակատարողական հիմնարկների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար»,- հավելել է Հայաստանի արդարադատության նախարարը։ 

Արտակ Զեյնալյանը նաև նշեց, որ դատավորն ու դատախազը դադարել են լինել մի կողմում. «Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ նախաքննության մարմինը՝ մեղադրանքի մարմինը, բացարկ հայտնի դատավորին: Մեր իշխանության ժամանակ դա տեղի է ունեցել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այժմ շատացել են կալանքը խափանման այլ միջոցով՝ գրավով փոխարինելու դեպքերը, պակասել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություները. «Սրանք ցուցանիշներ են, որոնք ամբողջ համակարգի մեջ չեն երևում, սակայն լավ կլիներ, որ հետազոտություն արվեր՝ պարզելու համար հանրային վստահության դինամիկան»:

Արտակ Զեյնալյանը նաև կարծում է, որ այսքան շատ հայցերը դատարաններում վկայում են այն մասին, որ մարդկանց մեջ հույս է արթնացել, որ դատական պաշտպանության իրավունքով միջոցով կարելի է հասնել խնդրի լուծման:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, Արտակ Զեյնալյանը ընդգծեց՝ այն չի լինելու հաշվեհարդարի գործիք, չի լինելու վրեժխնդրության գործիք, այլ կոչված է լինելու մարդու իրավունքների վերականգնմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ