18 03 2019

Սերժ Սարգսյանի հետ Արցախի ընտրություններից չենք խոսել․Վիտալի Բալասանյան․Aysor.am



Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը օրերս Արցախում հանդիպել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հորդորում է այդ այցը չկապել «ինչ-որ խմորումների հետ»։

«Սերժ Սարգսյանի մայրն ապրում է Ստեփանակերտում, մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա ժամանակ առ ժամանակ գալիս է իրենց տուն, ապրում մոր հետ, ուտում է կերակուրները։ Իհարկե, հանդիպել է՝ իմ հետ, մեր բոլոր մարտական ընկերների հետ, հաց ենք կերել, կենացներ ենք խմել, խոսել ենք մեր ողջությունից, բայց ընդհանրապես չենք քննարկել թե նախագահական, թե Ազգային ժողովի ընտրությունները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Թեպետ Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտեր են ներկայացվում, տարբեր կուսակցություններ հանդես գալիս հայտարարություններով, այդուհանդերձ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Սերժ Սարգսյանը որևէ ակնարկ չի արել Արցախում 2020-ին կայանալիք ընտրությունների մասին, նրա հետ այդ թեմայով որևէ խոսակցություն չի ծավալվել։

«Այդ թեմայով ոչ մի խոսակցություն չի գնացել, բայց դրա բարոյական իրավունքն ունի, միանշանակ։ Բոլոր նախկին նախագահներն էլ դրա բարոյական իրավունքն ունեն։ Նիկոլ Փաշինյանն էլ իրավունք ունի՝ և բարոյական, և կարգավիճակից ելնելով։ Բայց բոլորս լսեցինք չէ՞, որ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի ներքաղաքական հարցերին Հայաստանը չի խառնվելու և ընտրություններում ով կընտրվի երկրի առաջին դեմք, ես համագործակցելու եմ նրա հետ», - ասել է Վիտալի Բալասանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ