15 03 2019

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

Մարտի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձավ Արցախի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:

Պատասխանելով հարցին, թե փոխվում է արդյոք հայկական կողմի վերաբերմունքը բանակցային սեղանին գտնվող սկզբունքների ու տարրերի հանդեպ, նախարարը հիշեցրել է, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարել է. կան սկզբունքներ և տարրեր, և հարցն այն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում ու ընկալվում։

«Մենք հստակ հայտարարել ենք Հայաստանի առաջնահերթությունները. դա Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն է։

Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նրա վճռական ձայնը պայման չէ, այլ քայլ, որը նպաստելու է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ երեք ժողովուրդների համար ընդունելի որոշման որոնումը չի կարող միակողմանի լինել. ներդրումը պետք է լինի բոլոր կողմերից, այդ թվում վստահության մթնոլորտի ստեղծման հարցում։

Ընդ որում՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն բանակցություններ է վարում ինչպես Արցախի հետ, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

«Հայաստանի և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք ոչ մի կերպ չենք հրաժարվում մեր դիրքից ու դերից։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Հասկանալով մեր դերն ու հավատարիմ մնալով բանակցային գործընթացին՝ մենք կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ցանկանում ենք քննարկել արցախցի գործընկերների հետ, դա նորմալ երեւույթ է»,- նշել է նախարարը։

Վերադառնալով դիրքորոշումներին և պարտավորություններին մոտեցումների մեկնաբանությունների ու համեմատությունների հարցին՝ ԱԳ նախարարը շեշտեց հավասարակշռության խախտման անթույլատրելիությունը:

«Եթե ակնկալվում է, որ մի կողմն ավելի զիջող է լինելու, ապա նման մոտեցումը գործուն չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար մարդու: Նրանց անվտանգությունը կարեւորագույն հարց է: Մենք նրանց ֆիզիկական անվտանգության մասին խոսելու անհրաժեշտություն ունենք: Սա հիմնական մոտեցումն է: Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որը բոլոր հիմքերն ունի սեփական կյանքը կառուցելու համար»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:

Ի պատասխան Բաքվից հանդիմանությունների վերաբերյալ հարցին այն առնչությամբ, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը դրանք փակուղի է տանում, նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանի չի անի այնպիսի բան, որը բանակցությունները փակուղի կտանի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ