«Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցին Երևան և նրա վերջին ուշագրավ հայտարարությանը, որն ադրբեջանամետ բնույթ է կրել։
«Երևանում փորձել են պարզել, թե ինչ նկատի ուներ Վրաստանի նախագահը, երբ վերջերս Բաքվում հայտնեց «Վրաստանի և Ադրբեջանի տարածքների օկուպացիայի» մասին։ Արդյունքում Վրաստանի նախագահը ոչ միայն հաստատեց իր դիրքորոշումը ԼՂ հարցով, այլև մեղադրեց հայկական ղեկավարությանը։ Սալոմե Զուրաբիշվիլիի կոշտ դիրքորոշումը կարող է վերջ դնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում այն հավասարության քաղաքականությանը, որին Վրաստանը հետևում է ողջ հետխորհրդային շրջանում։
Բաքվում իր հայտարարությամբ փաստորեն Վրաստանի նախագահը, ըստ էության, առաջին անգամ Հայաստանին բացեիբաց մեղադրեց Լեռնային Ղարաբաղը և այն տարածքները, որոնք վերագրվում էին նախկին ԼՂԻՄ-ին Ադրբեջանի խորհրդային հանրապետությունում, օկուպացնելու մեջ»,- գրում է թերթը։
Թերթի տվյալներով՝ Երևանում հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում, Բաքվում արած հայտարարությունների թեման բարձրաձայնվել է սրության տարբեր աստիճաններով։ Սակայն Վրաստանի նախագահը չի մտածել արդարանալու կամ իր հայտարարությունը վերաձևակերպելու մասին։ Հակառակը, նա մի շարք բողոքներ առաջադեց հայկական կողմին։
Մասնավորապես՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նա զգուշացրել է՝ իր երկրի համար «շատ կարևոր» է Հայաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ոչ միայն խոսքով, այլև գործով։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի ԼՂ պատվիրակությունների այցերը Աբխազիա և Հարավային Օսիա։
Թերթի հետ զրույցում վրացի փորձագետ Սերգի Կապանաձեն հայտնել է՝ Թբիլիսիում նախագահի այս հայտարարություններն աննախադեպ են համարում ողջ հետխորհրդային շրջանի համար, որի ընթացքում Վրաստանը չեզոքություն է ցուցաբերել ԼՂ կոնֆլիկտի կողմերի հանդեպ։ Նա նշել է՝ նախագահը պետք է ավելի մեծ զգուշավորություն ցուցաբերի այս զգայուն թեմային անդրադառնալիս, մինչդեռ Դավիթ Ավալիշվիլին նկատել է, որ Վրաստանի նախագահն օժտված է խորհրդանշական լիազորություններով, և նրա հայտարարությունները չեն ընկալի որպես Վրաստանի քաղաքականության լուրջ փոփոխություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը