Նման դեբատները իշխանության ներսում անհրաժեշտ են, որովհետև առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին եւ կառավարության նիստում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցածին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետեւանքները։
Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար առաջնային է մարդկանց առողջությունը։
Մենք էլ պիտի մեր գործը իդեալական անենք՝ որպես տնտեսական բլոկի պատասխանատուներ, տնտեսական շահերը առաջ տանողներ։
Իհարկե, դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը տնտեսության մասին չի մտածում, կամ ես ու մեկ ուրիշը՝ առողջության մասին։
Բայց մեր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ բախման արդյունքում պիտի գանք օպտիմալ լուծմանը, որը լավագույնս կհավասարակշռի տնտեսական ու առողջապահական շահերը։
Ընդհանրապես, նման դեբատները իշխանության ներսում, միջև (ասենք, ֆիննախ և էկոնոմիկայի նախարարություն) անհրաժեշտ են, որովհետև առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել։
Ու ոչ մի դեպքում էդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը