ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 10 ամիսներին ու ներկայացրել այն խոստումները, որոնք չեն կատարվել այս ընթացքում:
Էդուարդ Շարմազանովի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը: Փորձենք փաստերով համադրել՝ ինչ է խոստացել և ինչ է իրականացրել այս 10 ամսում:
10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ: Այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով:
10 ամիս անց արձանագրում ենք...
Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է:
Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազարավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից:
Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ու՞ր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա: Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է:
Եվ սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է:
Փոխարենը, կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները:
Տեսարաններով ժողովրդին չեն կերակրում: Իսկ խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է:
Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը:
Կառավարությունում տիրում է անգործություն, իսկ Ազգային ժողովում դեռ չեն գիտակցում, որ կառավարության կցորդները չեն:
Հ.Գ. Պահանջում եմ ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը