02 03 2019

Ովքե՞ր են օտարերկրյա գործակալները՝ ժողովուրդը պետք է իմանա․ Շարմազանով

Ովքե՞ր են օտարերկրյա գործակալները՝ ժողովուրդը պետք է իմանա․ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանում արած հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում չպետք է տեղ ունենան այն քաղաքական գործիչները, որոնք օտարերկրյա գործակալներ են։

Շարմազանովը նշեց՝ օր ու արև չի տալու վարչապետին, մինչև չիմանա, թե ովքեր են այդ մարդիկ, քանի որ դա պետական դավաճանություն է, և վարչապետը հանցագործության մասին հաղորդում է տվել․

« Օրեր առաջ Նիկոլ փաշինյանը, որը այլևս ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ փաստացի պետության ղեկավարը, որին ուղղակի ենթարկվում են ուժային կառույցները՝ կոնկրետ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, Իրանում արեց ուշագրավ և շատ կարևոր հայտարարություն։

Նա նշեց, որ չպետք է տեղ ունենան կամ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ։ Իհարկե, մանավանդ քաղաքական գործիչները, որնք զբաղված են օտարերկրյա շահեր պաշտպանելով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետությանը, նրանք ինձ համար թուրքից ու ադրբեջանցուց ավելի վատն են։

Պետական դավաճանությունը, օտարերկրյա գործակալ լինելը տրոյական ձի է մեր պետության ներսում։ Ցանկացած նորմալ, ժողովրդավարական, ազգային անվտանգությունը կարևորող երկրում այդ հայտարարությանը կհետևեին կոնկրետ գործողություններ, և հասարակությունը կիմանար, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ։

Անցել է 2 օր, Փաշինյանը և նրա շրջապատը որևէ քաղաքական գործչի անուն չեն տվել, որոնք օտարերկրյա գործակալներ են։ Ես՝ որպես 4-րդ, 5-րդ, և 6-րդ գումարաման Ազգային Ժողովների նախագահի տեղակալ, և որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի, պահանջում եմ վարչապետ Փաշինյանից տալ անուններ, թե ովքեր են այդ օտարեկրյա գործակալները, որոնք Հայաստանում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ։ Փաշինյանը այլևս ընդդիմադիր Նիկոլը չէ, որ ԱԺ ամբիոնից օդում կախված լուրերի մասին հաղորդում տա։ Իրանում Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին ուղիղ հաղորում էր, և ուժային կառույցները ուղղակի պարտավոր են վարչապետից պահանջել ու ճշտել, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները։ Անուններ եմ պահանջելու, ես՝ ինքս, այսօրվանից սկսած օր ու արև չեմ տալու, և պահանջելու եմ նրանց անունները, ովքեր, ըստ վարչապետի, զբաղված են եղել իմ պետության դեմ գործունեությամբ»,- նշեց Շարմազանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ