Մտքներիցդ հանեք, նոր բաբելոնյան աշտարակաշինություն Հայաստանում չի լինելու: Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է ուղիղ եթերում.
«Միասնությունն Աստծուց է, բաժանումները՝ չարից: Պատմությունը ցույց է տվել, որ երբ եղել ենք միասնական, մենք հաղթել ենք: Երբ մեր սեփական հայրենիքում փնտրել ենք թշնամիներ, բաժանվել սևերի ու սպիտակների, մենք պարտվել ենք:
Երեկ Նոր Ջուղայում հայ համայնքի առջև ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը, խոսեց միասնության մասին, տարավ պատմական զուգահեռներ: Միասնությունից խոսում է մի մարդ, որն ընդդիմադիր եղած ժամանակ տարիներ շարունակ ատելություն է սերմանել: Մի մարդ, ով արդեն պետության ղեկավարի պաշտոնում Հայաստանը բաժանեց Հանրապետականների եւ հակահանրապետականների, լավերի եւ վատերի, պուպուշների եւ բոբոների, դավաճանների եւ ընտրյալների:
Լավ է, որ խոսում է միասնության մասին, բայց այդ խոսքերը միայն Սփյուռքի առջև չպետք է լինեն, պետք է դա լինի գործերով:
Խոսում էր նաև Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների, պետության կործանման, օրատերկրյա գործակալների մասին: Ինձ համար կրկնակի վտանգավոր է պետության ղեկավարից լսել նման գնահատականներ: Օտարերկրյա գործակալներից խոսում է մի մարդ, ում իշխանափոխության պրոցեսին մասնակցել են գործիչներ, որոնք հրապարակային փող են ստացել օտարեկրյա ֆոնդերից:
Խոսում է մի մարդ, որը պետական պաշտոնների է նշանակում մարդկանց, որոնք սնվել են օտարերկրյա գրանտներով եւ մեր իշխանության տարիներին, իմ կարծիքով, զբաղված են եղել ոչ միասնություն քարոզելու գործերով: Զբաղված են եղել պետության հիմքերը քանդելով:
Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր և Պապ թագավորի ժամանակների և միգուցե իր և Պապ թագավորի միջև: Արդեն տարօրինակ է. որպես պատմաբան ասեմ, որ Պապ թագավորը պայքարում էր Ձիրավի դաշտում օտարների դեմ: Նիկոլը պայքարում է սեփական եղբայրների և քույրերի դեմ: Պապը ներքին թշնամիներ չէր փնտրում, Նիկոլը փնտրել եւ փնտրում է:
Նա կոչ արեց որեւէ ներքաղաքական պրոցես չնույնացնենք Ձիրավի ճակատամարտի, ոչ Սարդարապատի, ոչ էլ առավելկեւս Արցախի շարժման հետ: կոպեկ չարժե այն թվացյալ հաղթանակը, որը դու ունենում ես կամ ընտրությունների միջոցով կամ քաղաքական պրոցեսների ժամանակ քո համաքաղաքացիների թեկուզ փոքր հատվածի նկատմամբ: Սա կործանարար է:
Փաշինյանը խոսում է պատմության ծուռ լինելու մասին և հայտարարում, որ մեր պատմությունը ծռվել է 374 թվականին, երբ սպանվեց Պապը: Պատմությունը շատ ավելի շուտ էր ծռվել, երբ Տիգրան Մեծի դեմ ապստամբեց նրա որիդն՝ Տիգրան Կրտսերը՝ տուրք տալով օտարերկրյա հովանավորություններին: Պատմությունը ծռվել էր, երբ թագավոր Տիրանը սպանել տվեց Հուսիկ կաթողիկոսին: բայց ինչպես ասում են՝ գործում է բումերանգի օրենքը և նրան էլ կուրացրեցին և նա հրաժարվեց գահից:
Պատմությունը ծուռ էր նաև ապրիլյան օրերին, երբ բաժանվեցինք հանրապետականների և հակահանրապետականների, նիկոլականների և սերժականների: Պատմությունը ծուռ է այսօր՝ մարտի 1-ին, երբ բաժանվել ենք լավերի ու վատերի: Մարտի 1-ը բոլորիս պարտությունն է, որովհետև դրանից թուլացած Հայաստանը:
Երբ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է վերադառնալ Պապ թագավորի ժամանակները, մեր պատմությունը Պապ թագավորից չի սկսվում, պետք է վերադառնալ Հայկ նահապետի ժամանակաշրջան, երբ Հայկը հաղթեց բաբելոնյան աշտարակաշինությունը նախաձեռնած Բելին: Մենք չպետք է թույլ տանք նոր աշտարակաշինություն Արարատյան երկրում, Հայաստանում: Մտքներիցդ հանեք, Հայկը հաղթելու է Բելին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը