ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է դիվանագիտական աշխատանքի վերադառնալու ցանկության մասին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:
Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից:
ՀՀ երրորդ Նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող իմ գործընկեր Մերի Հարությունյանը: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում, Մերի ջան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը