7-րդ գումարման խորհրդարանի 100 տղամարդ պատգամավորներից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 39-ը: Այս մասին հայտնում է Hetq.am-ը՝ ըստ խմբակցությունների ներկայացնելով զինծառայությունից ազատված պատգամավորներին եւ նրանց ազատման առողջական կամ կրթական հիմքերը։
«Իմ քայլը» խմբակցություն
88 անդամ ունեցող խմբակցությունում 23-ը կին են, խմբակցության 65 տղամարդ պատգամավորներից զինծառայությունից ազատվել են 29-ը:
Էդգար Առաքելյան- անկուսակցական է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
«Մի քանի անգամ տարկետում եմ ստացել մեծ մասը ուսումնառության հետ կապված՝ ես ասպիրանտուրայում եմ սովորել, վերջին անգամ տարկետում եմ ստացել առողջական խնդիրների պատճառով, որից հետո 27 տարիս լրացել է»,- մասել է պատգամավորը:
Ալեքսանդր Ավետիսյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Ավետիսյանը խնդիր չի տեսնում այն հարցում, որ իր տվյալները ևս մեկ անգամ փորձաքննեն:
Սոս Ավետիսյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ եվրոպագետ է: Զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:
«25 տարեկանում ես ընդունվել եմ Օքսֆորդի համալսարան և կառավարությունից տարկետում եմ ստացել, 27 տարեկանս լրանալուց հետո էլ «Զինապարտության մասին օրենք»-ի համաձայն` չէի կարող զորակոչվել»,- ասել է նա:
Սուրեն Գրիգորյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իրավագիտության թեկնածու է, պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:
«Ազատվել եմ զինծառայությունից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հիմքով, օրեր առաջ համակուրսեցիս, որի հետ պաշտպանել էինք ատենախոսություն, հայտնեց, որ արդեն կարող ենք ներկայանալ զինկոմիսարիատ՝ զինգրքույկս վերցնելու»,-ասել է Գրիգորյանը:
Վիկտոր Ենգիբարյան- անկուսակցական է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Ելք» դաշինքի ցուցակով: Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Ենգիբարյանը դեմ չէ, որ կրկնակի փորձաքննության ենթարկվեն զինծառայությունից ազատման իր տվյալները:
«Բացարձակ դեմ չեմ լինի, եթե պարզվի, որ ապօրինի եմ ազատվել, սիրով կգնամ ծառայության»,- ասել է Ենգիբարյանը:
Միքայել Զոլյան - անկուսակցական է, զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:
«Գիտության թեկնածու եմ, ատենախոսությունը պաշտպանել եմ, դրա համար էլ չեմ ծառայել, սկզբում տարկետում ստացել եմ որպես ասպիրանտ, հետո պաշտպանել եմ, մասնագիտությամբ աշխատել եմ»,- ասել է նա:
Սեդրակ Թևոնյան- անկուսակցական է: Պարտադիր զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով, Թևոնյանը համաձայն է, որ իր տվյալները ևս մեկ անգամ ստուգվեն:
Բաբկեն Թունյան- անկուսակցական է։ Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով։
Տիգրան Կարապետյան - անկուսակցական է, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման հիմքով՝ երկրորդ երեխան ծնվել է մինչ 27 տարեկանը։
Վաղարշակ Հակոբյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։
«2013 թվականին ընդունվեցի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժինը, որն իրենից ենթադրում էր տարկետման իրավունքով սովորելու հնարավորություն, սակայն 2016 թվականին՝ նախքան թեկնածուական ատենախոսությանս պաշտպանությունը, որոշակի առողջական խնդիրների պատճառով հայտնվեցի հիվանդանոցում և դրա հետևանքով էլ ազատվեցի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ ամիսներ անց էլ իր թեկնածուական ատենախոսությունն է պաշտպանել։ Հակոբյանը նաև դեմ չէ, եթե իր ազատման հիմքերի օրինականությունը ևս մեկ անգամ ստուգվի։
Հովհաննես Հովհաննիսյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Կորյուն Մկրտչյան- «Առաքելություն» կուսակցության անդամ, տնտեսագետ-կիբեռնետիկ, պատմական գիտությունների թեկնածու է։ Մկրտչյանը մի քանի անգամ կրթական տարկետման իրավունք է ստացել, սակայն զինծառայությունից ազատվել է առողջական խնդրով։
Նարեկ Մկրտչյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Ազատվել է առողջական հիմքով: Մկրտչյանը դեմ չէ, որ իր տվյալները ևս մեկ անգամ ստուգվեն:
Սերգեյ Մովսիսյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է, այժմ Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետի ուսանող է:
Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Պատրաստ է կրկնակի փորձաքննության:
Գևորգ Պապոյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Զինվորական ծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:
«Ազատվել եմ օրենքով նախատեսված կարգով՝ կառավարության որոշմամբ տարկետում եմ ստացել 2008 թվականին, քանի որ ընդունվել էի ասպիրանտուրա, մինչ այդ ևս տարկետում էի ստացել՝ 2003-ին, երբ համալսարան էի ընդունվել, և ոչ թե 3 տարում եմ պաշտպանել ատենախոսությունս, այլ 2,5 տարում՝ նույնիսկ ժամկետից շուտ և օրենքով սահմանված կարգով ազատվել եմ զինծառայությունից, դրանից հետո զբաղվել եմ մասնագիտական և գիտական աշխատանքով, շարունակել եմ դասախոսական աշխատանքս»,- ասել է Պապոյանը:
Արտաշես Պետրոսյան- «Առաքելություն» կուսակցության անդամ է, ավարտել է հանրային ֆինանսների կառավարում բաժինը: Ազատվել է ընտանեկան տարկետման հիմքով՝ երկրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Պետրոսյանը կրթական տարկետում է ստացել, սակայն ուսումնառության ավարտին արդեն ծնվել է երկրորդ երեխան:
Կարեն Սարուխանյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Շիրակի նախկին մարզպետը, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է:
Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, Սարուխանյանի խոսքով՝ պատրաստ է կրկնակի փորձաքննության ենթարկվել:
Եղիշե Սողոմոնյան- «Առաքելություն» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով, 2009թ.-ին պաշտպանել է ատենախոսությունը, ասպիրանտուրային զուգահեռ դասավանդել է ու մինչ օրս դասավանդում է:
Հակոբ Սիմիդյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար: Պարտադիր զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Սիմիդյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պատրաստ է տրամադրել իր տվյալները, որպեսզի կրկնակի փորձաքննություն լինի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Խորհրդարանական երկրորդ խմբակցության 26 պատգամավորներից 5-ը կանայք են, 21 տղամարդ պատգամավորներից չեն ծառայել 5-ը:
Արման Աբովյան- ԲՀԿ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն է: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
«Հետք»-ն առհասարակ չի գրում զինծառայությունից ազատման առողջական հիմքի մանրամասները, սակայն պատգամավոր Աբովյանը պնդեց, որպեսզի իր՝ զինծառայությունից ազատման պատճառը հանրայնացվի:
«1996 թվականին ավտովթարի եմ ենթարկվել, ունեմ ողնաշարի երկու կոտրվածք, մոտավորապես վեց ամիս գամված եմ եղել սայլակին, նույնիսկ չէին հուսադրում, որ կքայլեմ, չնայած դրանից հետո կենտրոնական ռազմական հոսպիտալում պնդել եմ՝ անցնեմ աշխատանքի… այդ հարցն ինձ համար շատ սկզբունքային է»,- ասել է նա:
Քաջիկ Գևորգյան- անկուսակցական է, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է: Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Արտյոմ Ծառուկյան- ԲՀԿ անդամ է, զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Որևէ խնդիր չի տեսնում այն հարցում, որ իր տվյալները ևս մեկ անգամ կարող են ստուգվել: Հղում է անում այն փաստին, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, սակայն ՊՆ-ից պատվոգիր ունի:
«Կարծում եմ՝ դա ինչ-որ բանի մասին խոսում է»,- ասել է նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը