Top-news.am-ը գրում է․ «Տարածվող լուրերի համաձայն, մարզպետները հանձնարարություն են ստացել մարտի 1-ի երթին «հնարավորին չափ շատ մարդ բերել»:
Ասել ու ասում ենք՝ մարտի մեկը շոուի մի վերածեք, մարտի 1-ի ողբերգությունը շահարկման առարկա մի դարձրեք, եւ վերջապես հանգիստ թողեք հոգսերի մեջ թաթախված գյուղացուն, մարզային քաղաքներում ապրող մարդուն:
Եւ ինչպես հիմա չասես՝ հանգիստ նստեք տեղներդ եւ գործ արեք: Բավական են արդեն շոուները, բավական են արդեն ճառերը եւ խրատները:
Գյուղացին պատրաստվում է գարնանացանի: Նա ճռռում է վարկերի տակ, նա կքած է խնդիրների տակ, նրան ասել են, որ նա գարնանացանի համար վառելիք չի ստանալու, իսկ էժան պարարտանյութ էլ այլեւս չի լինելու եւ նրան հիմա ուզում եք բերել Երեւան, որ քայլի, քայլի:
Իսկ գյուղացին հիմա մի հարցադրում է անում՝ ինչու եղավ այս «հեղափոխությունը», եթե կրկին «մարդ են տանելու» հանրահավաք-երթերին: Գյուղացին հարցնում է, թե ինչու ողջունեց իշխանափոխությունը, եթե նոր իշխանություններն իրենց կրկին մենակ էին թողնելու, ավելի, լուծարելու էին գյուղնախարարությունը:
Վերջապես, քայլելու, ճառեր ասելու փոխարեն գործ արեք, քայլելով եւ ճառեր ասելով երկիրը երկիր չի դառնում: Տեսեք, թե ինչ եղավ Վենեսուելայի հետ, երբ Չավեսը, իսկ հիմա Մադուրոն ժողովրդին կերակրում են ճառերով եւ բոցաշունչ ելույթներով»։
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը