Panorama.am-ը գրել է․ «Փետրվարի 21-ին վարչապետ Փաշինյանն ազդարարեց. ՛՛Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժողովրդին՛՛:
Թե չէ ո՞վ էր կասկածում:
Պարզապես մարդկանց մոտեցումներն ու սպասելիքներն են տարբեր՝ կախված այն հանգամանքից, թե ինչ տեսանկյունից են դիտարկում նախատեսվող ակցիան: Պատմության, ինչպես նաև հասարակության մեծ մասի համար մարտի 1-ը, ինչպես 2008-ին, այնպես էլ այսօր՝ եղել և մնում է պետական հեղաշրջման չհաջողված փորձ, երբ ընտրություններում 21,5 տոկոս հավաքած թեկնածուն բորբոքելով բնակչության մի հատվածի դժգոհությունները՝ թշնամության սլաքն ուղղեց պետության դեմ: 2008-ի մարտի 1-ում ոչ մի հերոսականություն չկար: Կար գունավոր հեղափոխության հերթական փորձ, ինչն արձանագրված է անգամ Վիքիպեդիայում: 2018-ի ապրիլյան հեղաշրջումից հետո նոր իշխանությունների սիրելի թեման դարձավ Մարտի 1-ը: Առաջին իսկ օրերից, երբ հրապարակ նետվեց մարտիմեկյան ՛՛բացահայտումների՛՛ թեման՝ յուրաքանչյուր հնչեցրած խոսքի դիմաց ներկայացվեցին անհամեմատ շատ ու հիմնավոր հակափաստարկներ, տեսաձայնագրություններ, հեռախոսազրույցներ, ականատեսների հիշողություններ: Անհաշիվ անգամ տարբեր կողմերից բարձրաձայնվեց, որ գործի վերաբացմամբ իրական մեղավորները փորձում են իրենց մեղքը բարդել այլոց վրա: Բայց այդ ամենն անտեսելով և 8 ամսից ավել ձնագնդի պես մեծացնելով սին մեղադրանքները՝ վերածեցին այն 76 հատորանոց մեղադրանքի:Այս մասին դեռ շատ կխոսվի առաջիկայում, և մեծ հարց է՝ հանգամանքների ինչպիսի դասավորությամբ: Կյանքն այսօր շարժվում է խելահեղ արագությամբ, և չի իմացվի, թե այս ՛՛ջուր՛՛ գործը որ փուլում ինչ արագությամբ կգոլորշիանա:
Մարտի 1-ի գործով սուտն արդեն դարձել է պետական քաղաքականություն և քարոզչություն, ինչը վաղ թե ուշ բոլորն են հասկանալու: Վաղուց արդեն ձևավորվել է այն կարծիքը, որ անընդհատ թեժ պահելով Մարտի 1-ի ՛՛արյունը՛՛ ՝ հասարակության ուշադրությունը շեղում են գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող խորքային քայքայումներից՝ եկեղեցու, կրթության, մշակույթի, տնտեսության, անցումային արդարադատություն , ՛՛կուլակաթափություն՛՛... ի վեջո ՝ Արցախի ու Հայաստանի անվտանգություն: Այս համատեքստում մարտիմեկյան քայլերթը հանրությանը մոլորեցնող հերթական շոու դիտարկելուց բացի ուրիշ խելամիտ բացատրություն չի մնում:
Իրականում Մարտի 1-ի հետ կապված մի շատ նուրբ պահ կա, որը թույլ չի տալիս իրերն իրենց իսկական անուններով կոչել... դա զոհվածների հարազատների զգացմունքներին չդիպչելու գիտակցված արգելքն է: Սակայն, չգիտես ինչու, գործն անընդատ քրքրողները չեն ամաչում նույն այդ մարդկանց խաբելուց, և նրանց ցավի վրա անձնական ու քաղաքական դիվիդենտներ շահելու սովորությունից: Շատերն են մարդկայնորեն ամեն կերպ շրջանցում զոհերի հարազատներին առնչվող հարցերից, մինչդեռ գործը վերաբացողները սուտ խոստումներով չեն թողնում, որ նրանց վերքը սպիանա: Փաստաբանների հավաստիացմամբ մահվան դեպքերի մասով որևէ նոր բացահայտում չկա գործում: Եվ ի՞նչ. ՛՛ 100 տոկոսով բացահայտված մեղավորներին՛՛ ներկայացնելու փոխարեն 76 հատոր ջո՞ւր պիտի ծեծվի մարտի 1-ին խոստացած ուղերձում: Ի դեպ, եթե մեղադրող կողմը դատարանում ներկայացվելիք խիստ գաղտնի ՛՛անակընկալ ռումբեր՛՛ ունի պահած, որոնց մասին տեղյակ չեն պահվել մեղադրյալներն ու նրանց պաշտպանները, ապա դատավարական այդ կոպտագույն խախտումը նրանց դիլետանտությունն ապացուցելով հանդերձ՝ կդառնա հետագա պաշտոնավարման լուրջ խոչընդոտ, եթե ոչ քրեական պատասխանատվության հարց: Իսկ ՄԻԵԴ-ում կդիտվի որպես անհերքելի ապացույց՝ գործի սարքած և շինծու լինելու առումով:
Ներողություն եմ խնդրում զոհերի հարազատներից, հատկապես նրանցից , ովքեր ներքուստ հասկանում են իրենց նկատմամբ եղած բոլոր դրսևորումների նրբությունները, բայց ........ բաց թողեք ձեր սիրելիների հոգիները: Հարազատի մահ տեսած մարդիկ գիտեն, որ տարիների ընթացքում նրանք մեզանից ազատվել են ուզում:Երկրի և երկնքի միջև նրանց պահելով անվերջանալի են դառնում և ձեր, և նրանց տառապանքները: Եթե իրոք բացահայտվի որևէ կրակող՝ թող արժանանա իր պատժին մարդկանց և Աստծու առաջ... դա լիովին ուրիշ հարց է, լիովին այլ դատաքննություն: Բայց հիմա որքանով է տրամաբանական սրտացավություն ակնկալել Նիկոլ Փաշինյանից, ով 2008թ. մարտի 1-ին ժամը 15.00-ին կոչով բոլորին հավաքեց Մյասնիկյանի արձանի մոտ, ում ՛՛հոգին փառավորվեց՛՛ լսելով ոստիկաններին ծեծելու և նրանց զենքը խլելու լուրերից, ով հրահանգում էր ՛՛խուճապի չմատնվել և հարձակվել՛՛, իսկ հետո անհետ կորավ՝ բախտի քմահաճույքին թողնելով իր կոչով հավաքված մարդկանց: Կամ մտածել, որ որևէ մեկի ցավը կարող է կիսել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մարտի 2-ին խոստովանում է, որ իրեն հիանալի է զգում, երբեք այդքան լավ չի քնել, ամեն ինչ ՛՛նորմալ ա՛՛ ու ՛՛մալադե՛ց, Ալիկ՛՛: Սրանք էլ հո անհերքելի փաստեր են:
Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը, երբ առաջարկում է օրենքով սահմանել «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»: Պետական ահաբեկչությունը ո՞րն էր. զինված բախումները դադարեցնելն ու երկրի կայունացմանն ուղղված քայլեր ձեռնարկե՞լը: Բռնաճնշում հասկացությունն այս պարագայում ընդհանրապես անհասկանալի է.... Ի՜նչ աստիճանի նեղանձնական մանր պատկերացումներով պետք է ապրել՝ սեփական արարքներին համամարդկային նշանակություն տալու համար: Զավեշտ է Օսմանյան կայսրությունում կամ Ստալինյան բռնաճնշումների կողքին սեփական մատի փուշը դարձնել ՛՛բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր՛՛:
Ստացվում է, յուրաքանչյուր իշխանություն կարող է իր նախասիրությամբ հիշատակի օր նշանակել, որը նրանց հեռանալուց հետո իմաստը կկորցնի: Չէ որ հետագա սերունդների համար բացատրություն պիտի ներկայացվի, թե ՛՛ինչի կապակցությամբ է մարտի 1-ը հիշատակի օրը՛՛ ... պատասխանը որն է՝ ընտրություններում պարտված ուժի բողո՞ք: Ապագա պատմաբանն էլ կհարցնի՝ եթե այդպես է, ապա ո՞ւր է 1996-ի դեպքերի հիշատակման օրը: Կամ եթե մտադիր են ՛՛Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան՛՛, ապա նույն տրամաբանությամբ հուշարձաններ պետք է ունենան նաև Նաիրի Հունանյանն իր հանցակիցներով կամ ՊՊԾ գունդ գրավող ահաբեկիչները... Վիրավորական համեմատությո՞ւն է: Իսկ իրական տարբերությունը շատ մե՞ծ է:
Ենթադրենք վաղը մյուս օրը այս իշխանությունների դեմ է բողոքի մեծ ալիք բարձրանում, ինչն ամիս ամսվա վրա ավելի սպասելի է դառնում, ապա ի՞նչ է ձեռնարկելու ՛՛պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր» ընդունած իշխանությունը՝ թողնելու է իրեն գահընկեց անեն, թե՞ ճնշելու է ընդվզումը: Երկրորդը կիրառելու դեպքում հաջորդ իշխանությունն էլ մեկ այլ հիշատակի օր կնշանակի... Եվ երբեք այս կախարդական շրջանից դուրս չենք պրծնի, ինչն ըստ էության հեշտ լուծվող հարց է պետական մտածողության և քաղաքական կամքի առկայության դեպքում:
Քայլելն այս պարագայում փոշի բարձրացնելուց զատ ոչինչ չի տալու, որքան էլ որ հայտարարվի, որ ՛՛ Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների....՛՛: ՀՀ քաղաքացին իր առօրյայում պետք է տեսնի դրանց կենսագործումը: Կոչերն ու կարգախոսները սպառվել են 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրության օրը: Մարտի 1-ը հավերժ չէ, նրան կհաջորդեն մարտի 2-ը, հետո սեպտեմբեր-դեկտեմբերի 30-ները... մենք ապրելու ենք այդ ու մնացած բոլոր օրերին: Հայաստանի Հանրապետությունում կյանքը չի սկսվում և չի ավարտվում մարտի 1-ով՝ ո՛չ քաղաքական, ո՛չ օրացույցային»։
Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը