25 02 2019

Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել. ամոթ է. Շարմազանով

Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել. ամոթ է. Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, բայց իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում: Խոստանում են սեր և համերաշխություն, բայց քարոզում են ատելություն: Խոստանում են վենդետայի բացակայություն, բայց իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:

Խոստանում են օրենքի գերակայություն, բայց համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին: Նրանք, ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար, այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:

Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև,այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը:

Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածեր ներքին անվտանգության մարտահրավերի մասին:

Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը,այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Հ.Գ. Ամոթ է… Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:

Մտածե՛ք, պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ