Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդպես շարունակվել այլևս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու և հայ մնալու: Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը:
Հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց և մեզ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը և կերտելով փառավոր հաղթանակներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է: Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության եւ սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:
Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը