2001 թվականի հայ-սիրիական համաձայնագիրը, որով իշխանությունները փորձում են հիմնավորել Սիրիա հումանիտար խմբի գործուղումը, որևէ կապ չունի նշված գործողության հետ։ Այս մասին հայտնում է Փաստերի ստուգման հարթակը, որն ուսումնասիրել է հայկական հումանիտար առաքելության իրավական հիմքերը․
Կայքը գրում է․ «Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։
Չփորձելով կասկածի տակ դնել Սիրիայում մարդկանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մենք արդեն պարզեցինք, որ խմբի կազմում կան նաև ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչն արդեն իսկ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի խախտում է:
Համաձայնագիր
Ու քանի դեռ ՀՀ իշխանությունները, հղումանելով 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, պնդում են, որ ապահովված է գործողության իրավական հիմքը, մենք պարզեցինք հակառակը:
Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Արտաքին գործերի նախարարությունից ստացավ նշված համաձայնագրի պատճենը, որի ուսումնասիրությամբ միանգամից պարզ դարձավ, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա նման խումբ ուղարկելու համար:
2001թ․ օգոստոսի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից Դամասկոսում:
Կարգավորման առարկան
Համաձայնագրի 2-րդ հոդվածը սահմանում է համագործակցության բնագավառները, իսկ 3-րդ հոդվածը՝ համագործակցության իրականացման ձևերը:
Այսպիսով, համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ «կողմերը ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում հետևյալ բնագավառներում և ուղղություններով․
— ռազմական գիտության և տեխնիկական զարգացման հարցերով փորձի փոխանակման,
— գիտատեխնիկական համատեղ հետազոտությունների,
— ռազմական և տեխնիկական անձնակազմերի որակավորման։
Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում։»
Հենց այս վերջին ձևակերման վրա հղումով են պաշտպանական գերատեսչությունից հիմնավորում հումանիտար խմբի ուղարկումը: Սակայն այդ ձևակերպմամբ նույն հաջողությամբ կարելի կլիներ հիմնավորել համագործակցությունը ցանկացած ոլորտում, եթե չլիներ իրավական ակտի (տվյալ դեպքում՝ միջկառավարական համաձայնագրի) կարգավորման առարկան:
Իսկ տվյալ համաձայնագիրը՝ իր նախաբանով և 1-ին հոդվածով, ամրագրում է, որ դրա նպատակն է երկու երկրների պատշտպանությունը՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման միջոցով: Այսինքն, այս պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ որևէ գործողության, բացառությամբ ռազմատեխնիկական համագործակցության:
Համագործակցության իրականացման ձևը
Ավելին, համաձայնագրի 3-րդ հոդվածը ամրագրում է, որ «…համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևորով՝
— փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցերի և խորհրդատվությունների,
— տեխնիկայի և զորավարժությունների ցուցադրման նպատակով փոխադարձ այցելությունների,
— համագործակցության ոլորտներին համապատասխան համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման,
— ռազմադիվանագիտական խողովակներով փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակման»:
Ինչպես տեսնում եք, այստեղ հումանիտար (ոչ համատեղ) խմբի ուղարկում կամ այն ներառող որևէ գործողություն թվարկված չէ: Այսինքն, եթե անգամ աչք փակենք այն հանգամանքի վրա, որ համաձայնագրի կարգավորման առարկան և դրանով ամրագրված համագործակցության բնագավառների սպեկտրը որևէ կապ չունի հումանիտար խմբի ուղարկման հետ, միևնույնն է, խումբը չէր կարող ուղարկվել, քանի որ համագործակցության իրականացման նման ձև նախատեսված չէ։
Համաձայնագիրը՝ այստեղ։
Հ.Գ. Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները սկսել են 2011 թվականին, երբ արաբական այդ երկրի իշխանությունները զինված ուժեր օգտագործեցինընդդիմության հանրահավաքները ցրելու համար: 2015 թվականից սիրիական հակամարտության հիմնական կողմերից է Ռուսաստանը, որի խնդրանքով էլ Սիրիա է մեկնել հայկական հումանիտար խումբը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը