ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փետրվարի 14-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց․ «Մտովի հետ եմ գնում 90-ականներ, երբ ես երեխա էի, մենք այն ժամանակ, որ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր, մինչև 2018 թվականն աղքատության մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Մենք այդպես ենք սովորեցված: Այդպիսին է մեր քաղաքական համակարգը, և գալիս է հեղափոխությունը, ու հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է»:
Եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց թեման՝ նշելով․ «Գալիս ասում են՝ էս կառավարությունը ոնց որ թե ուզում է ամբողջ բեռը հին իշխանության վրա գցի։ Ու հիմա էլ գալիս են ասում են և ըստ էության բացահայտում են իրենց հիմնական առաքելությունը, սենց սոուսով․ դե մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, դե առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին էին մեղադրում, հետո Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին։ Դե ո՛չ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմնական նախադասությունը հնչեց․ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ»։
«Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ և իրենց դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրենց դրեք նույն հարության վրա»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Ուշագրավ է, որ թեև պատգամավորի համեմատությունը վերաբերում էր երեք նախագահներին, սակայն Նիկոլ Փաշինյանն այդտեղ չնշեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը՝ չցանկանալով համեմատվել միայն երրորդ և երկրորդ նախագահի հետ։
Որ Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը նույնն է, պնդում են շատերը, իսկ այս անգամ, արդեն, ԱԺ ամբիոնից դա ակնարկեց նաև ինքը՝ վարչապետ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը