14 02 2019

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործը տապալված է․ Panorama.am

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործը տապալված է․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Օրերս հնարավոր դարձավ համացանցում ծանոթանալ  բողոքարկմանը, որը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը  հունվարի 29-ին ներկայացրել է վերաքննիչ դատարան։ Ըստ այդմ`  Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության  երկրորդ նախագահին առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված` սահմանադրական կարգը տապալելու  մեղադրանք։ Հոդվածի առաջին մասը, որը լրացվել է 2009-ի մարտի 18- ին, սահմանում է, որ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-5 հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ։

Անհրաժեշտ է նկատի առնել, որ 2008-ի մարտի 1-ին գործել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված սահմանադրությունը, իսկ գործող նոր սահմանադրությունն ընդունվել է 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում և անցում է կատարվել կառավարման պառլամենտական համակարգին։

Իսկ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքում 300.1 հոդվածը հայտնվել է 2009-ի մարտի 18-ին կատարված փոփոխությունների ու լրացումների արդյունքում։ Մինչդեռ. օրենքները հետադարձ ուժ չունեն։ Ուստի. չի կարող այն` ինչն այսօր հանցանք չէ, վաղը համարել քրեորեն պատժելի արարք, և այսօր արածի համար որևէ  մեկին վաղը դատել` պոստֆակտում ընդունած օրենքով։

Հարկ է հաշվի առնել նաև, որ 2009-ի մարտի 18-ին քրօրում կատարված փոփոխությունների ու լրացումների արդյունքում միաժամանակ վերաշարադրվել են 225 հոդվածի I և II մասերը` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար նախատեսելով 4-10 տարի ազատազրկում։ Իսկ զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակցի բռնություն գործադրելու, ջարդ, հրկիզում իրագործելու, գույք վնասելու, ոչնչացնելու, հրազեն, պայթուցիկ նյութեր ու սարքեր գործադրելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու դեպքում` 3-8 տարի ազատազրկում։ Հոդվածը նաև լրացվել է զանգվածային անկարգությունները հստակ սահմանող V մասով։

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները փաստացի վերացրել են գործող սահմանադրության ժողովրդավարական և իրավական պետության նորմը։ Մինչդեռ անառարկելի փաստ է, որ իրավական ու ժողովրդավարական պետություն հատկանշող բոլոր պետական ինստիտուտներն ու իշխանության թևերը, երկրի նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը, Սահմանադրական դատարանը, դատարանները, դատախազությունը, գործադիր իշխանության բոլոր գերատեսչությունները, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, գործող սահմանադրության II գլխում նշված մարդու և քաղաքացու բոլոր հիմնական իրավունքներն ու ազատությունները շարունակել են գործել բնականոն ու անխափան։

Մինչդեռ 2008-ի փետրվարյան հետընտրական բողոքի ցույցերը, որոնք կազմակերպվել ու ղեկավարվում էին նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի սկզբանե հռչակել էին «պետությունը կազմաքանդելու», «Բաղրամյան 26-ը գրավելու» և իշխանությանը տիրանալու նպատակները։ Նախանշված ռևանշիստական ծրագիրն իրագործելու համար քաղաքացիական անհնազանդության, գործադուլների, բանակում դասալքության,դիվանագիտական ծառայություններին հակապետական գործողությունների մղելու ինտենսիվ քարոզչություն էր վարվում։ ԼՏՊ-ն չէր խորշում նաև պարզամիտ ու հավակնոտ պաշտոնյաներին ու գեներալներին իր ավանտյուրայի մասնակիցը դարձնել` բարձր պաշտոններ խոստանալու միջոցով։ Առավել ակտիվ ու շահագրգիռ ցուցարարները բողոքական ամբոխին հրահրում էին իրավապահների հետ բախումների ու տարատեսակ սադրանքներ էին կազմակերպում։

Պետության սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը գրավելու այս ակնհայտ փորձը կանխվեց հենց այն բանի շնորհիվ, որ գործող նահագահը հետևողականորեն կատարեց պետության գլխի սահմանադրական պարտականությունները։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հաշվեհարդար չէ, եթե առաջադրված սին մեղադրանքը անձնական պարզ քենախնդրություն չէ, ինչո՞ւ աչք ծակող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության չի կանչվում նաև Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը` առաջին նախագահը։

Եթե ՀՔԾ նպատակն իրոք արդեն 11-ամյա վաղեմության ոճրագործության ու 10 զոհերի հեղինակներին բացահայտելն է, ինչո՞ւ հարուցված քրեական գործում ներգրավված չէ գործող վարչապետը։ Չէ որ, իր առանձնատանը ապահով պատսպարված ԼՏՊ-ի սադրիչ հրահանգները հենց նա էր փոխանցում ամբոխին։ Եվ հենց նրա  ուղղորդմամբ քարերով, մետաղաձողերով, նաև հատուկ միջոցներով ու հրազենով զինված «ակտիվիստները» ամբոխին առաջնորդեցին իրավապահների դեմ բախումների, ոճրագործության ու թալանի։

Եթե իրոք դատախազությունը «հեռախոսային արդարադատություն» չի իրագործում ու չի կառավարվում գործող վարչապետի կամային հրահանգներով, ինչո՞ւ է դատավորների վրա անթաքույց ճնշումներով արգելում խափանման միջոցը փոխելու արդարացի վճիռ կայացնելու հնարավորությունը։

Եթե Ռոբերտ Քոչարյանը գործող վարչապետի ու էլի ինչ-որ մեկի ուղղակի ու ապօրինի ցանկությամբ չէ մեղավոր նշանակվել, ինչո՞ւ է անվերջ ու անհիմն երկարձգում նրա կալանավորման ժամկետը։ Եթե հարուցված քրեական գործի իրական նպատակը երկրորդ նախագահին հնարավորինս երկար անազատության մեջ պահելը չէ, ինչո՞ւ առայսօր մարտիմեկյան ոճրագործության հանգամանքները, կազմակերպիչներին ու մեղավորներին բացահայտելուն նպատակաուղղված որևէ քննչական գործողություն չի արվել։

Փոխարենն արդեն միանգամայն բացահատ է, որ մոտ 5 ամիս  ձգվող քրեական գործը հնարածին է, հյուսված է իրականության հետ առնչություն չունեցող «թքած-կպցրած» հանգամանքներից, որոնք վաղ թե ուշ հերքվելու են` հենց որ գործն ուղարկվի դատարան։ Թավշյա  իշխանության հեռախոսային արդարադատությունն արդերն տապալված է և որքան էլ օրենքները կիրառվեն իրենց տրամաբանությանն ու ոգուն հակառակ, Փաշինյանի մարտիմեկյան հետքերը ջնջելու և գործող վարչապետին սևերես չանելու ջանքերն ապարդյուն են լինելու։

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը տապալված է անհերքելի փաստերի ու հիմնավորումների ճնշման ներքո։ Սրա լավագույն վկայությունն է հենց այն, որ սեփական բիզնեսն աշխատացնելու և մրցակիցներին վերացնելու նպատակով բոլոր հնարավոր պաշտոնյաներին կաշառելու փորձեր ձեռնարկած տիկնոջ շահադիտական ու կեղծ ցուցմունքներով նոր հնարածին քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Բացահայտ է, որ հեռախոսային արդարադատության այս հերթական ձեռնարկի նպատակներից մեկն էլ` գործը դատարան հասնելու պահը հնարավորինս երկարձգելն է։

Վարչապետի կամայական հրահանգներով առաջնորդվող դատական համակարգն այնքան անօգնական վիճակում է հայտնել, որ ստիպված է օգտվել ապօրինությունների մեջ թաթախված տիկնոջ ծառայություններից։ Որքան էլ չուզենան, տեսանելի հեռանկարում օրվա իշխանությունները ստիպված են լինելու կարճել երկրորդ նախագահի դեմ հարոցված քրգործերը ու ազատել նրան կալանքից։ Ժամանակն է, որ այս գործը հնարողները, պատվիրված կամ լավ վարձատրված կեղծ ցուցմունքներ տվողները, իրենց խիղճն ու կոչումը ուրացած դատավորները, դատախազներն ու քննիչները, նրանց հրահանգներ տվողներն ու վերահսկողները մտածեն, թե ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ապրելու, երբ այս էժանագին շոուն ավարտված լինի»։

Սիմոն Գյուրջյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ