13 02 2019

Հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու հարցով ԱՄՆ-ի հետ հակասություն կա. ՊՆ

Հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու հարցով ԱՄՆ-ի հետ հակասություն կա. ՊՆ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին պաշտոնյաների որդիների՝ բանակից ազատված լինելու, Սիրիա մեկնած հայկական մարդասիրական առաքելության և այլ թեմաների։

Տոնոյանը նշեց, որ նախկին պաշտոնյաների որդիների զինվորական ծառայություն չանցնելու հանգամանքներն աստիճանաբար պարզվում են։  Տոնոյանն ասաց, որ այդ դեպքերը հիմնականում կապված են առողջական վիճակի հետ։ Նախարարը կոնկրետ անուններ չնշեց՝ միայն ասելով, որ դրանք նախկին չինովնիկների զավակներն են։

Մեկնաբանելով  83 անձից բաղկացած հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելու հարցով ԱՄՆ դիրքորոշումը՝ ՀՀ ՊՆ-ն նշեց, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարություններին ՀՀ արտգործանախարարությունը կպատասխանի: Տոնոյանի համար անհասկանալի է հայկական կողմից ԱՄՆ դեպարտամենտ հարցումներ ուղարկելը։ Նրա կարծիքով՝ խնդիր կա նաև թարգմանության հետ կապված։ Տոնոյանն ընդգծեց, որ իրենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, այլ ոչ թե զինվորականներ։

Տոնոյանի խոսքով՝ այդ հարցով Վաշինգտոնի դիրքորոշման հետ կապված որոշակի աշխարհաքաղաքական հակասություն կա, սակայն Հայաստանի կողմից Սիրիային աջակցությունը, որի մի մաս է նաև հայկական համայնքը, բարոյական տեսանկյունից «անխոցելի է» և չի կարող շահարկումների պատճառ դառնալ: 

Պատասխանելով հարցին այն մասին, թե Սիրիա 83 հոգանոց մասնագետների խումբ ուղարկելը օրենքի խախտմամբ է եղել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ ամեն բան եղել է իրավաչափ։

Նախարարն անդրադարձավ նաև Կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածին․ «Համոզված եմ՝ 5 տարվա մեջ մենք մեծ քայլերի ենք գնալու, այն հագեցվածությունը, որ մենք ունենալու ենք, հնարավորություն է տալու, որ չեզոքացնենք ռիսկերը՝ կապված ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ վարչապետի հայտարարությունը, թե պետությունից գողացված գումարները կուղղվեն ՊՆ-ին, ուրախացնող է։ Տոնոյանը  գումարի չափ չնշեց, միայն ասաց, որ գործընթացն արդեն մեկնարկել է։ Նախարարը հավելեց՝ Սու 30-ի ձեռքբերումը շարունակվելու է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ