07 02 2019

Ի՞նչ են քննարկել Արցախում Սերժ Սարգսյանի հետ․ Արցախպրես

Ի՞նչ են քննարկել Արցախում Սերժ Սարգսյանի հետ․ Արցախպրես

Փետրվարի 5-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ մեղադրել է Արցախի ներայիս իշխանություններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մեջ։

Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրեսը» մեկնաբանություն է խնդրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Վիտալի Բալասանյանից։ 

«Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո ունեցել ենք երկու հիմնական հանդիպում․ մեկը՝ ապրիլի վերջին, մյուսը՝ հուլիսի 16-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ օր հետո և Երևանում ՊՊԾ գնդի և հարակից տարածքի գրավումից մեկ օր առաջ։ Առաջին հանդիպմանը մասնակցում էին զույգ նախագահները և Արցախի խորհրդարանական խմբակցությունները, իսկ երկրորդը հրավիրյալների ավելի ընդլայնված կազմ ուներ․ ներկա էին նաև շարժման և պատերազմի վետերանները, այդ թվում՝ առաջին ջոկատապետ Արկադի Կարապետյանը՝ «Դաշնակ Ագոն»»։

Այն հարցին, թե ինչ է քննարկվել հանդիպումների ժամանակ, և արդյոք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եղել են ճնշումներ արցախյան կողմին զիջումների մղելու համար, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Այդ հանդիպումների միակ օրակարգային հարցն այն էր, թե ինչպես ենք մենք՝ արցախյան վերնախավս, պատկերացնում հարցի լուծումը և Արցախի անվտանգության հետագա ամրացման հարցը։ Այս թեմայի շուրջ էլ ծավալվել է ազատ քննարկում։ Որևէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Մենք հստակ նշել ենք, որ Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով որևէ բացասական փոփոխություն մերժելի է մեզ համար։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որն այդ ժամանակ ակտիվորեն ներգրավված էր ադրբեջանական կողմի հետ բանակցային հանդիպումներում, ապա վերջինս, մեզ ականջալուր, շատ պարզ կերպով ամփոփման է եկել, որ «անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»»։ 

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ այդ հանդիպումների ժամանակ համապատասխան հետևություններ են արվել նաև 2016 թ․ ապրիլյան կռիվների ժամանակ վերհանված սխալներից․ «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ շտկվելու են ապրիլյանի ժամանակ երևան եկած բացթողունմերը, և պետք է նշեմ, որ այդ խոստումը կատարվել է ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ ինժեներաշինարարական աշխատանքների մասով»,- եզրափակել է Վ․ Բալասանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ