ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական հանրային հեռարձակող «Դոյչե Վելե»-ին։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ Փաշինյանը կրկնել է այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները դեռ ոչ պաշտոնական են, և դրանք բանակցություններ չի կարելի համարել։ Փաշինյանը կրկին ընդգծել է՝ չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի բնակիչները չեն մասնակցել ընտրություններին և իրեն նման մանդատ չեն տվել:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը կցանկանա՞ր, որ Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես դա արեց Աբխազիայի դեպքում, ՀՀ վարչապետը նշել է, որ կարծում է` պետք չէ զուգահեռներ տանել Արցախի և Աբխազիայի միջև: Փաշինյանը շեշտել է, որ զուգահեռներ հարկավոր չէ տանել նաև Արցախի և Դոնբասի միջև։
«Դրանք լիովին այլ հակամարտություններ են և տարբեր իրավիճակներ: Աբխազիայի բնակիչները ներկայումս կարող են ժամանել Թբիլիսի, առևտուր անել այնտեղ, շփվել մարդկանց հետ, և այնտեղ դա սովորական բան է: Սակայն ԼՂ հակամարտության դեպքում դա հնարավոր չէ: Ադրբեջանից արտաքսում են ազգությամբ հայերին, այդ թվում` այլ երկրների քաղաքացի»,- նշել է նա:
Հեղափոխության վերաբերյալ հարցին, թե ինչու ՌԴ նախագահը, որը չի սիրում հեղափոխություններ, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ բավականին հանդուրժող և չեզոք է եղել, Փաշինյանը պատասխանել է․
«Գիտեք` հեղափոխությունում որևէ օտարերկրյա ուժի միջամտություն չկար: Դա զուտ ներհայաստանյան քաղաքական գործընթաց էր: Եվ կարող եմ ասել, որ ոչ մի արտաքին ուժ մեր ներքին գործընթացներում ներգրավվելու հնարավորություն չուներ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը