28 01 2019

Օպտիմալացումների նպատակը պետական համակարգը մրցունակ դարձնելն է․ Ավինյան

Օպտիմալացումների նպատակը պետական համակարգը մրցունակ դարձնելն է․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարգևավճարների, Կառավարության կառուցվածքի փոփոխությունների և Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության հարցերին։

Ավինյանը նշեց, որ առնչություն չունի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելու հետ։ 

«Մենք նպատահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն  պաշտոնին, որին ինքը նշանակված է»,– հայտնեց Ավինյանը՝ հավելելով, որ թյուրընկալում  կա վարչական պաշտոնների վերաբերյալ. «Դա մի պաշտոն է, որը պահանջում է այդ ոլորտում փորձ, և այդ շրջանակը քաղաքական չէ։ Վարչական պաշտոնում անկողմնակալություն է պահանջվում, որպեսզի լիազորությունների շրջանակից երբևէ դուրս չգաս»,–նշեց նա։

Համացանցում վարկած է շրջանառվում, որ Արթուրը Գրիգորյանը աշխատանքից ազատվել է Ամուլսարի շուրջ Տիգրան Ավինյանի հետ ունեցած տարաձայնության պատճառով, քանի որ պայքարել է, որ Ամուլսարը հանքավայր չդառնա։

Պարգևավճարների թեմային անդրադառնալով՝ Ավինյանն ասաց, որ ինքը ևս պարգևավճար է ստացել։  «Ես նույնպես ստացել եմ պարգևավճար, մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով, բայց կոնկրետ չափը չեմ կարող ասել»,– նշեց նա։

Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ և բարձր որակներով լի պետական կառավարման համակարգ, մեզ պետք են բարձր որակի կադրեր, և ընդհանուր օպտիմալացման գործընթացը, որը հիմա տեղի է ունենում, նպատակ ունի այդ պետական կառավարման համակարգի մակարդակը բարձրացնել:

«Պետք է անկեղծ լինենք մեզ հետ` հստակ արձանագրելով, որ մասնավոր սեկտորի հետ պետական համակարգը` նույն գործառույթներով, նույն հաստիքներով, ուղղակի անմրցունակ է, մասնավոր սեկտորում նույն հաստիքներով աշխատավարձերը շատ ավելի բարձր են, հետևապես խոսքը միայն ղեկավար կազմերի մասին չէ, միջին կլասի մասնագետների, նույնիսկ զուտ կատարողների, սկսնակների մասին է, ընդհանուր համակարգում աշխատավարձերի մակարդակը շատ ցածր է, և օպտիմալացման հիմնական նպատակը լինելու է աշխատավարձերի մակարդակը բերել հասցնել գոնե մասնավորի հետ փոքր-ինչ մրցունակ լինելու շեմին, սա չի նշանակում, որ մենք հասնելու ենք հավասար չափի, բայց գոնե որոշակի հավելյալ արտոնություններ ստանալը ևս հնարավորություն կտա, որ պետական համակարգից լավագույն կադրերը չհեռանան, նրանց կարողությունները պահպանվեն պետական կառավարման համակարգում, զարգանան, իրենց հետևից բերեն նաև երկրի զարգացումը, որովհետև կադրերից կախված է գրեթե ամեն ինչ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե այդ գումարը կարելի էր առավել նպատակային օգտագործել` հաշվի առնելով, որ կան ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ` փոխվարչապետը հորդորեց ծայրահեղությունների մեջ չընկնել, դրանից խուսափելու համար նա նշեց հակառակ ծայրահեղ օրինակը. եթե ՀՀ-ում կա գեթ մեկ աղքատ մարդ, պետական ապարատում առհասարակ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, կամ բոլորը պետք է ստանան միջին աշխատավարձ:

«Եթե ուզում ենք համակարգ կայացնել, այո, կլինեն մարդիկ, ովքեր նվիրումով պատրաստ կլինեն ցածր աշխատավարձով աշխատել, բայց եթե խոսում ենք համակարգային լուծումների մասին, ուզում ենք այդ կադրերին պահել երկար ժամկետով, ուզում ենք պահել նաև այլ մարդկանց, ովքեր ունեն բարձր ունակություններ, բայց այդ աստիճանի պատրաստ չեն մնալ պետական համակարգում, մանավանդ որ մասնավորից ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ պայմաններով առաջարկներ են ստանում, սա համակարգային խնդիր է և համակարգային լուծում է պահանջում, պետք է ինքներս մեզ հետ խոսակցության միջոցով հասկանանք, թե որն է ճիշտ լուծումը: Բարոյական կողմը միանշանակ կա և բարոյական կողմի մասին ենք հիմա միայն խոսում, բայց նաև պետք է խոսենք համակարգի կայացման մասին»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ Կառավարության ծրագիրը պատրաստ է լինելու իր ժամկետներում, այն է` կառավարության կազմավորումից հետո` 20 օրվա ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ