Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնաբանել է 2018թ․ տարեվերջին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարների հարցը՝ հրապարակելով պարգևավճարների չափը։
Մարությանը հայտնել է, որ քանի որ դեկտեմբերին ինքը պաշտոնավարում էր ընդամենը երկու ամիս, ապա որոշում կայացվեց պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել 2018 թվականի բյուջեով: «Այդպես էլ արվեց, ուղղակի մի վերապահումով, որ այս անգամ ես հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ երկար են մտածել պարգևավճարներ ստացած աշխատակիցների ցուցակի հրապարակման մասին և անգամ հարցում են ուղարկել արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն, թե արդյոք այդ կերպ չեն հրապարակվի մարդկանց անձնական տվյալները։
Ըստ այդմ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956 հազար դրամ, որն առանց հարկերի կազմում է 688 հազար դրամ։
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի պարգեւավճարը եղել է 886 հազար դրամ, որն առանց հարկերի կազմում է 637 հազար դրամ։ Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն առանց հարկերի 637 հազար դրամ է ստացել։ Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ առանց հարկերի 937 հազար դրամ, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ 637 հազար դրամ։
Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավարներին, ապա բոլոր 12 ղեկավարները ստացել են մաքուր 288 հազար դրամ։
Հայկ Մարությանը նշեց, որ ինքն անձամբ ոչ մի դրամ չի ստացել, իսկ ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը