Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներն ու քննարկումները բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու պաշտոնական հանգրվան չեն: Այս մասին հունվարի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է Դավոսի հանդիպմանը, ապա Դավոսի կազմակերպիչներ իմանալով, որ երկուս էլ էստեղ ենք, հարցրել են, թե արդյոք դեմ չենք շփմանը, մենք ասել ենք՝ դեմ չենք: Ադրբեջանի նախագահն էլ է նույնը ասել և ոչ պաշտոնապես հանդիպել, քննարկել ենք: Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե առնվազն նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից: Ես նկատի ունեմ, որ մեր պայմանավորվածությունները այնպիսին են, որ եթե որևէ հանդիպմանը դեմ դիմաց դուրս գանք, պետք է 2 բառ փոխանակենք, խոսենք»,-ասել է Փաշինյանը:
Հանդիպման բովանդակության նասին վարչապետն ասել է. «Ըստ էության մեր երեք հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն երբ ինչ տեղի ունեցավ, երբ ինչ իրավիճակ էր և այդպես շարունակ: Իհարկե, քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ, հնարավորություններ, ինչ անհնարինություններ կան կարգավորման կոնտեքստում: Ոչ մի էսպես կոնկրետ դետալ չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի փոխադարձ ընկալումներին ծանոթանալու հնարավորություն է»:
Փաշինյանն ընդգծել է, որ քննարկումների առանցքը այն ամենն է, ինչի մասին ինքը խոսում է նաև հրապարակային. «Այս առումով կարևոր եմ համարում արձանագրելը, որ ընդհանրապես լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, գործիչներ, որոնք փորձում են մեր հանրությանը ներշնչել, որ ինչ-որ դավադրությունների մասին, դավադրությունների տեսություններ կառուցել: Ես հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունը մեր մեջ մեկընդմիշտ է, որ դավադրություններ մեր մեջ լինել չեն կարող: Աբսուրդ է անգամ մտածել այդ մասին: Դա իրավիճակի չընկալման հետևանք է, որ որևէ մեկը մտածում է, որ մեր կառավարությունը կարող է և ես անձամբ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ: Իհարկե, հասկանալի է, որ երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից: Այլ կերպ մտածելը իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգի պարգևավճարների թեմային Փաշինյանն ասել է, որ կա որոշակի թյուրըմբռնում. «Ըստ էության, մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են: Այդպիսի համակարգ է ՀՀ-ում գործում և երբ ես ստանձնել եմ վարչապետի կարգավիճակը, եղել է այդպիսի ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողները կամ առնվազն նրանց մի մասը ստացել են պարգևավճարներ: Հենց այդ նպատակով է գումարը հատկացվել, և հաշվարկվել է, որ եռամսյակը մեկ պարգևավճար տրվի որպես աշխատավարձի մաս: Ասում են՝ մարզպետն իրեն պարգևավճար է նշանակել: Դա նույնն է, որ կառավարությանն ասեն՝ ինքն իրեն աշխատավարձ է տալիս: Պետական կառավարման համակարգում աշխատավարձը շատ ցածր է և թույլ չի տալիս, որ առավել բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավենք պետական կառավարման համակարգ»,-հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետն ասել է նաև, որ մարզպետները որոշակի պետական ֆոնդ ունեն քաղաքացիներին օգնելու, բայց եթե նրանք բոլոր քաղաքացիներին ընդառաջեն, երկու օրում այդ ֆոնդերը կարող են ամբողջությամբ սպառել:
«Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարզպետները ստիպված են իրենց գրպանից վճարել, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ մարդկանց մերժել: Եթե այդ պարգևավճարները բաժանում ենք, ամսական գալիս է 50 հազար դրամի աշխատավարձի հավելում: Դա մե՞ծ պրոբլեմ է: Եթե որոշել ենք, որ պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, եկեք չտանք»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը