18 01 2019

Մենք կենտրոնամետ ուժ ենք. Գագիկ Ծառուկյան

Մենք կենտրոնամետ ուժ ենք. Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ ԲՀԿ և ԼՀԿ միջև լարվածություն չկա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ իր խնամի, նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պատճառով ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճել էին, նա նշեց, որ բանավեճեր են, լարվածություն չկա, բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են:

Հարցին, թե ինքն անձամբ ի՞նչ է կարծում դեսպանների մասին և արդյո՞ք պատրաստավում է Մանուկյանի մասին հայտարարությամբ հանդես գալ, Ծառուկյանն արձագանքեց, որ դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը որակում տա:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն «Իմ քայլին» կից ուժեր են:

«Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող հանել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ: Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի...»- ասաց Ծառուկյանը:

Հարցին՝ խուսափո՞ւմ է ասել, որ ընդդիմադիր են, Ծառուկյանը հակադարձեց, որ եթե կոալիցիայի մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի փոփոխությանը վերաբերող նախագծին:

«Այսօր իշխանության կողմից ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է: Մենք եկել ենք և ժողովուրդը հավատացել է, որ աշխատատեղեր պետք է ավելացնենք, որ պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրանա: Պետք է մեզ հիմա պատասխանեն, թե 100 հազար գործազուրկ մարդը պետք է գնա նպաստ ստանա, բյուջեի հույսին նստի կամ պետք է արտագաղթի: Նրանց խնդիրը ոնց են կարգավորելու: Եթե չկարգավորեն, աշխատանք չունենան, մենք դեմ ենք լինելու»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ