Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդարանն այսօր քննարկում և առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար: Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ ինչպես իրենք են ասում “Հին Հայաստանում” այդ պրակտիկան կիրառվում էր և ավանդույթի ուժ էր ստացել: Նախկինում բազմաթիվ նորամուծություններ են իրականացվել, և պարգամավոր Մարուքյանը դրանցից որոշների մասին խոսեց իր ելույթում:
Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Հովհանես Իգիթյանը նախկինում էլ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքներում և այդ առումով ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են: Կարծում եմ բացառապես ռոմանտիզմով օծված մեր երիտասարդներին մատնացույց կանեն խորհրդարանական դիվանագիտության նրբությունների, բարդությունների, շահերի և դրանց դրսևորումների մասին: Իսկ երբ բախվեն առաջին իսկ դժվարությունների հետ, հուսով եմ կհասկանան, որ խոսելով երկիր չես զարգացնի. աշխատել է պետք, և որ խորհրդարանական դիվանագիտությունն էլ է լռություն սիրում:
Արտաքին հարաբերությունների նախկին հանձնաժողովների և բարեկամական խմբերի շնորհիվ ինչպես նաև դեսպանների աջակցությամբ խորհրդարանական սերտ ու գործնական երկկողմ հարաբերություններ էին ձևավորվել Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Ռումինիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելոռուսի, Շվեցարիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի խորհրդարանների հետ:
Ձևավորված գործընկերության շնորհիվ հնարավոր է եղել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, Եվրանեսթ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում հետևողականորեն պաշտպանել հայկական շահերն ու իրականացնել նաև նախաձեռնողական քաղաքականության: Երկկողմ ձևաչափերում կասեցվել կամ բացառվել են ադրբեջանական նախաձեռնությունները՝ այս կամ այն խորհրդարանում հակահայկական բանաձևերի ընդունման նպատակով: Այդ հարաբերությունները խթանել են ՀՀ անվտանգության ապահովմանը, արցախյան հիմնախնդրի պատշաճ ներկայացմանը (նախորդ տարիներին տասնյակ խորհրդարանականներ են այցելել Արցախ), տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական հետաքրքրությունների ձևավորմանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջ մղմանը, Ցեղասպանության 100-ամյակի միջազգայնացմանը, համապատասխան հայտարարությունների ընդունմանը, տվյալ երկրի խորհրդարաններում քաղաքական նպաստավոր միջավայրի ձևավորմանը, հայկական մշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերհանմանը, երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը և այլն:
Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու: Նախ և առաջ սովորեք եղածը պահպանել և հնարավորության դեպքում նաև զարգացնել: Հավատացեք, դա շատ կարևոր է:
Հաջողություն եմ մաղթում ՀՀ ԱԺ նոր կազմավորվող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, բարեկամական խմբերին ու խորհրդարանական պատվիրակություններին: Պատրաստ եմ աջակցել՝ ըստ անհրաժեշտության»:
Նախկին ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով ԱԺ պատգամավորներին, ասում է` «Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան»: Ամիսներ առաջ կարծում էի, որ գոնե պետական բարձրագույն իշխանության ներկայացուցիչները Հայաստանը հնի և նորի բաժանելու գործելաոճից կհրաժարվեն:
Կարծում էի, որ «նոր Հայաստան» տգետ ձևակերպումն արագ կմոռացվի, որովհետև հայերի Հայրենիք Հայաստանը հարատև է ու չի կարող նորագույն պատմության շրջափուլում «նոր Հայաստան» ձևակերպումը քաղաքական խոսքի բաղադրիչ լիներ: Հայաստանը հավերժական արժեք է, իսկ հավերժականի նորն ու հինը չի լինում, մաշտոցյան տառերի նորն ու հինը չի լինում, Նարեկացու նորն ու հինը չի լինում, մեր հավատքի նորն ու հինը չի լինում: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ամբոխավարական դատարկախոսությունը դեռ տևական ժամանակ արդիական է լինելու:
Արմեն Սարգսյանի ելույթից ինձ ապշեցրեց «թավշյա հեղափոխության արժեքներ» բառակապակցությունը: Թե ի՞նչ արժեքներ են մարդկությանը տվել ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունը, բոլորս գիտենք: Բայց թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը պետական հեղաշրջումը սղղացնում «թավշյա հեղափոխություն» անվան տակ, երևի թե սոցիլոգիական-հոգեբանական ուսումնասիրության առարկ է, ոչ թե քաղաքագիտական: Այնուամենայնիվ, հետաքրիր է, թե ո՞ր արժեքն ի նկատի ունի Արմեն Սարգսյանը` գավառական մակարդակի արտաքին քաղաքականությո՞ւնը, Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի նկատմամաբ ոտձգություննե՞րը, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանե՞լը, զանգովի արդարադատությո՞ւնը, մարդասպանության համար մեղադրվողներին բանտերից ազատելն ու քաղաքական գործիչ սարքե՞լը, տռանսֆեստիտների քաղմաս գրոհելն ու չդատվե՞լը, փողոցներում նախարար գործից ազատե՞լը, մարդուն ասֆալտին փռե՞լը, թե՞ ասենք` պառլամենտի շենքի գրոհը գործադիր իշխանության ղեկավարի կողմից:
Վերոնշյալ հարցերին Արմեն Սարգսյանը դեռևս չի պատասխանել: Անգամ, եթե վերջին մարդը մնամ, այս հարցերը Արմեն Սարգսյանին տալու եմ` անընդհատ ու հետևողականորեն: Որովհետև ինքն իրականում վախենալու և կորցնելու ոչինչ չուներ: Որովեհտև իր դիրքով ու կերպարով այս ամիսների ընթացքում հնարավորություն ուներ հորինած ու մտացածին իրականությունը ցրելու, փուչիկներ պայթեցնելու, միֆեր ոչնչացնելու, իրական արժեքների մասին բարձրաձայնելու` հանուն այն երկրի ու ժողովրդի ճշմարտության և արդարարության, որի նախագահ իրեն ընտրել էին: Ավաղ, չարեց…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը