Politik.am-ը գրում է․ «Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու այս լուրը հետաքրքիր ենթադրությունների տեղիք է տալիս: Նախ պետք է հիշել, որ Օհանյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու մասին ԱԱԾ պետը և ՀՔԾ պետը խոսել էին դեռևս անցած տարվա հունիս ամսին: Այդ ամենի մասին հայտնի էր դարձել բոլորին քաջ հայտնի գաղտնալսված խոսակցության ձայնագրությունից, որը հայտնվեց համացանցում: Ձայնագրության ի հայտ գալուց առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթն էր գրել, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել:
Շաբաթներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, որը 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ ՊՆ հետախուզության պետի պաշտոնը, նույնպես անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա անունը հիշատակվում է 0038 հրամանում: Այս նշանակումից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Արշակ Կարապետյանին ներվել են նախկին մեղքերը, և պաշտոն շնորհվել միայն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց:
Առաջին հայացքից զարմանալի է, թե ինչու՞ են Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրում հիմա, երբ դրա մասին ԱԱԾ պետը, ՀՔԾ ղեկավարը և Նիկոլ Փաշինյանի թերթը խոսել են հունիս ամսին: Այս ամենին կա մեկ տրամաբանական բացատրություն՝ Օհանյանին հունիս ամսին տեղյակ են պահել հնարավոր առաջադրվելիք մեղադրանքին և առաջարկել են ցուցմունք տալ Քոչարյանի դեմ, ինչի դիմաց նրան կներվեն նախկին մեղքերը, և գուցե պետական ապարատում մի լավ պաշտոն էլ գտնեն: Սեյրան Օհանյանն էլ կամ հրաժարվել է ցուցմունք տալ, կամ ասելիք չի ունեցել և չի ցանկացել սուտ ցուցմունք տալ: Եվ ահա, երբ նոր իշխանությունները հասկացել են, որ օգուտ չկա Սեյրան Օհանյանից, որոշել են մեղադրանք առաջադրել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը