07 01 2019

Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու Իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրությունից:

Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի հետ հեռախոսազրույցից հետո նա ևս մեկ անգամ հարցը քննարկել է իրավապահ մարմինների հետ և տեղեկացրել Արման Թաթոյանին, որ դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաև հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին: Արման Թաթոյանի խնդրանքով Ասկար Շակիրովը լիարժեք պատրաստակամություն է հայտնել իր իրավասության սահմաններում մանրամասն քննության ենթարկել ցանկացած բողոք կամ դիմում, որ կարող են ունենալ հայերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Ղազախստանի գործընկերոջ հետ համագործակցության բարձր որակը, նրա արագ արձագանքը և կշարունակի կապ պահպանել նրա հետ՝ կապված Ղազախստանի մեր հայրենակիցներին առնչվող իրավիճակի հետ: Պաշտպանը կապի մեջ է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Ղազախստանում Հայաստանի դեսպանության հետ և կարևորում է նրանց ջանքերը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքում ամանորի գիշերը ծեծկռտուք է եղել մի խումբ ղազախների և հայերի միջև, որի հետևանքով մեկ ղազախ է սպանվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ