04 01 2019

Հայերի մասնակցությամբ սպանություն՝ Ղազախստանում․ տեսանյութ



Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ։ Գործով 3 մարդու կալանավորել են, հայտնում է NUR.KZ կայքը։

Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի  հաղորդագրության մեջ:

Մեկ այլ աղբյուր հաղորդել է՝ ծեծկռտուքը ծագել է երկու խմբի միջև և ազգամիջյան բախման բնույթ չի կրել:

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել միջադեպի առնչությամբ: «Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, ինչը մարդկային կյանք խլեց և ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:

Մենք վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով: Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է միջմշակութային ներդաշնակություն և բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և սոցիալական ցանցերում չեն տարածի չհաստատված տեղեկություն, ինչը կարող է ազդել հանրային կարծիքի վրա, և այս ողբերգությունը դարձնել ազգամիջյան հակամարտության պատճառ»,- ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ